Հայաստանում ՏՏ ոլորտը 4 000 կադրի պակաս ունի. «Synopsys Armenia»
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում 4 000 կադրի պակաս ունի, ինչը ներկա պահին հնարավոր չէ լրացնել։ Այս մասին «Գիտության եւ բիզնեսի օրեր – 2022» համաժողովում հունիսի 15-ին ասել է «Synopsys Armenia» ընկերության գլխավոր ինժեներ, «Synopsys Armenia»-ի նախագահ Երվանդ Զորյանը։
Նա նշել է, որ այդ պատճառով նախագծերը, որոնք կարող էին իրականացվել Հայաստանում, գնում են այլ երկրներ։ Զորյանը նշել է, որ կադրերի պակաս է նկատվում ամբողջ աշխարհի տեխնոլոգիական ընկերություններում։
«Synopsys Armenia»-ի նախագահը նշել է կադրերի ավելացման աշխատանքի կարեւորությունը։ «Այսօր Հայաստան եկող մասնագետները մասամբ կարող են լրացնել բացը, բայց շատերն այստեղ են գալիս իրենց ընկերություններով, ուստի պակաս դեռեւս զգացվում է։ Տեխնոլոգիաների զարգացման համար անհրաժեշտ է բազմազանություն ամեն ինչում։ Մեր ընկերությունում ընդհանուր առմամբ 18 000 մարդ է աշխատում, նրանցից ավելի քան 1 000-ը՝ Երեւանում։ Ուրախալի է, որ այսօր նկատվում է կադրերի հոսք արտերկրից, բայց աշխատանք պետք է տանել ոչ միայն բուհերում, այլեւ դպրոցներում»,- ավելացրել է նա։
Ստեղծվող գիտական արտադրանքը, ըստ նրա, պետք է լինի ոչ միայն Հայաստանի, այլեւ գլոբալ շուկայի համար, պետք է մեծ շուկայի կողմնորոշում որդեգրել։ «Տեխնոլոգիաների զարգացման առանցքը միկրոէլեկտրոնիկայի զարգացումն է։ ՏՏ ընկերությունները, այդ թվում Հայաստանում, չեն կարող աշխատել առանց մշտական արդիականացման։ Կարեւոր է զարգացնել գիտական միտքը, կառավարությունները եւ բուհերը պետք է սերտորեն աշխատեն այս հարցում, որպեսզի համագործակցություն հաստատեն բիզնեսի եւ տեխնոլոգիական ընկերությունների միջեւ»,- ընդգծել է Երվանդ Զորյանը։
Հիշեցնելով, որ «Synopsys Armenia»-ի աշխատակիցների մոտ 40 տոկոսը կանայք են, նա նշել է տեխնոլոգիաների զարգացման գործում նրանց դերի բարձրացման անհրաժեշտությունը։ «Առաջին հեևրթին անհրաժեշտ է կատարել տարբեր ոլորտներում կադրերի վերապատրաստման աշխատանք»,- ասել է ընկերության ղեկավարը։