Պետերբուրգում մեկնարկում է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը
Պետերբուրգի հոբելյանական՝ 25-րդ միջազգային տնտեսական համաժողովը (ՊՄՏՀ) մեկնարկում է հունիսի 15-ին եւ ընթանալու է մինչեւ հունիսի 18-ը, մասնակցում են ավելի քան 90 երկրների ներկայացուցիչներ։ Այս տարի ՊՄՏՀ-ի գլխավոր թեման նոր հնարավորությունների որոնումն է փոփոխված աշխարհում։
ՊՄՏՀ-2022-ի հիմնական գործնական ծրագիրը բաժանված է չորս թեմատիկ ուղղությունների՝ նվիրված գլոբալ եւ ռուսաստանյան տնտեսության հարցերին, սոցիալական եւ տեխնոլոգիական օրակարգին, մարդկային պոտենցիալի զարգացմանը, տեղեկացրել է համաժողովի կազմակերպիչ «Ռոսկոնգրես» հիմնադրամը։
«Նոր տնտեսակարգ. պատասխանելով ժամանակի մարտահրավերներին» ուղղության շրջանակում տեղի կունենան նիստեր՝ նվիրված տնտեսության վերականգնման հարցերին եւ միջազգային համագործակցությանը ՇՀԿ, ԲՐԻԿՍ եւ ԵԱՏՄ միավորումներում, համաշխարհային առեւտրի փոխակերպմանը, լոգիստիկ նոր իրողություններում բիզնեսի աշխատանքի արդյունավետությանը։
Գործնական ծրագրի երկրորդ թեմատիկ ուղղությունն է՝ «Ռուսաստանի տնտեսությունը. նոր խնդիրներ եւ հորիզոններ»։ Այն նվիրված է նոր մարտահրավերներին, որոնց բախվել է երկիրը՝ հակաճգնաժամային օրակարգից մինչեւ տնտեսության երկարաժամկետ պոտենցիալի բարձրացում։
«Արդի տեխնոլոգիաները՝ մարդկությանը. ստեղծելով պատասխանատու ապագա» ուղղության շրջանակում բանավեճեր են լինելու թվային ինքնիշխանության, տեղեկատվության անվտանգության, տարբեր ճյուղերի թվայնացման վերաբերյալ։
«Մարդու համար կատարվող ներդրումները ներդրումներ են զարգացման համար» ուղղության մասնակիցները քննարկելու են մարդկային կապիտալի զարգացման հարցերը, աշխատակիցների նոր հմտություններն ու զբաղվածության մոդելները։
Համաժողովի շրջանակում նախատեսված են նաեւ նիստեր՝ նվիրված ստեղծագործական ոլորտի, սպորտի եւ կրթության զարգացմանը։
ՊՄՏՀ-2022-ի օրերին կկայանան նաեւ ավանդական բիզնես-երկխոսություններ Աֆրիկայի երկրների, Բելառուսի, Մերձավոր Արեւելքի, Եվրոպայի երկրների, Եգիպտոսի, Հնդկաստանի, Իրանի, Ղազախստանի, Չինաստանի, Լատինական Ամերիկայի երկրների միջեւ, ինչպես նաեւ «ԵԱՏՄ – Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիա՝ ԱՍԵԱՆ» երկխոսությունը։
Միջոցառման գործնական ծրագրում նախատեսված է նախաճաշ դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների, Սբերի համար, ինչպես նաեւ IT-նախաճաշ։
Միջազգային ղեկավարներից այս տարի համաժողովին կմասնակցեն Հայաստանի եւ Ղազախստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը եւ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը։