Ադրբեջանցիները չեն վերադարձրել շուրջ կես տարի առաջ առեւանգված Տեղ գյուղի բնակչի 280 ոչխարներին
Ադրբեջանցիները չեն վերադարձել շուրջ կես տարի առաջ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ Սուրիկ Մաթեւոսյանից առեւանգված 280 մանր եղջերավոր անասուններին: Այս մասին հայտնել է համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը:
«Բանակցությունների ժամանակ իրենք ասում էին, որ գյուղացու հետ ոչխարներ չեն եղել՝ թեպետ մենք փաստեր, լուսանկարներ էինք ներկայացնում: Հիմա դիմել ենք Կառավարությանը, շուտով կփոխատուցվի Մաթեւոսյանին պատճառված վնասի 70 %-ը»,- նշեց Ղուլունցը:
Դավիթ Ղուլունցը հայտնեց, որ այս ամիսների ընթացքում նմանատիպ դեպքեր չեն գրանցվել:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ադրբեջանցիներն առեւանգել էին Տեղ համայնքի 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթեւոսյանին եւ նրա մոտ 280 ոչխարներին։ Մի քանի ժամ տեւած բանակցությունների արդյունքում խաղաղապահներին էին փոխանցել գերեվարված Սուրիկ Մաթեւոսյանին, սակայն հրաժարվել էին փոխանցել ոչխարներին: