Մասնագետները ուղեցույց են հրապարակել կապիկի ծաղիկով պացիենտներին բուժող բժիշկների համար
Մասնագետները Annals of Internal Medicine ամսագրում հրապարակել են խորհրդատվություն այն բուժաշխատողների համար, որոնք շփվում են կապիկի ծաղիկով վարակված հիվանդների հետ: Խորհրդատվության հեղինակները գրում են, որ թեեւ կապիկի ծաղիկը հազիվ թե այնպիսի տարածում գտնի, ինչպես COVID-19-ի համավարակը, բժիշկները եւ բուժաշխատողները պետք է զգոն լինեն եւ պահպանեն վարակի վերահսկման համապատասխան նախազգուշական միջոցները՝ բռնկման զարգացմանը զուգընթաց:
Կապիկի ծաղիկը վիրուս է, որը պատկանում է Poxviridae ընտանիքի Orthopoxvirus ցեղին, որի մեջ մտնում են նաեւ բնական ծաղիկի եւ կովի ծաղիկի վիրուսները: Հեղինակները խորհուրդ են տալիս բուժաշխատողներին հետեւել Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների խորհրդատվությանը՝ պաշտպանվելու եւ հիվանդությունը հաղթահարելու համար: Հրապարակված ուղեցույցը ներառում է անհատական պաշտպանիչ սարքավորումների օգտագործման, հաստատված ախտահանիչների օգտագործման, վիրուսի աերոզոլացմանը նպաստող ընթացակարգերից խուսափելու եւ հետագա տարածումը կանխելու համար շփմանը մանրամսան հետեւելու վերաբերյալ խորհուրդներ:
Հեղինակները նշում են, որ կապիկի ծաղիկի դեպքերի զգույշ կառավարումը, երբ դրանց բախվում են բուժաշխատողները, կկանխի հիվանդության հետ կապված կադրային դեֆիցիտի խորացումը: Նրանք ընդգծում են, որ քանի որ COVID-19-ն արդեն նվազեցրել է հանրային առողջապահական ռեսուրսները եւ ռիսկերի կանխմանը մասնակցելու բնակչության պատրաստակամությունը, հանրային առողջապահության աշխատակիցները եւ բուժաշխատողները նույնպես հոգնել են։
Հրապարակված ուղեցույցի հեղինակները նաեւ նշում են, որ նոր վարակիչ հարուցչի հետ գործ ունենալու հեռանկարը կարող է խորացնել նրանց սթրեսը եւ ավելացնում են, որ դա պետք է ընդունել եւ հնարավորինս մեղմել:
Մասնագետները զգուշացնում են, որ վարակի դեմ պայքարի միջոցները պետք է բացառեն առավել տուժած պացիենտներին հանդիմանելը, մասնավորապես, այս դեպքում խոսքը ոչ ավանդական սեռական կողմնորոշմամբ տղամարդկանց մասին է։