Amazon-ում 2022-ից ԱԹՍ-ներով առաքումներ կսկսեն իրականացնել
Ամերիկյան Amazon կորպորացիան մտադիր է 2022 թ. սկսել ԱԹՍ-ների միջոցով փոքր ծանրոցների առաքումն ԱՄՆ-ում։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ։
«Հարյուրավոր գիտնականներից, ինժեներներից, ավիատիեզերական ոլորտից եւ ֆուտուրոլոգներից կազմված մեր թիմերը քրտնաջան աշխատել են դա (ԱԹՍ-ներով առաքումները) հնարավոր դարձնելու համար, եւ այս տարվա վերջում Amazon-ի հաճախորդները Կալիֆոռնիայի Լոքֆորդ քաղաքում առաջիններից կլինեն, ովքեր առաքումներ կստանան Prime Air-ից», - հայտնել են ընկերությունում:
Amazon-ում նշել են, որ Լոքֆորդն ընտրվել է ավիացիայի հետ իր պատմական կապերի պատճառով. այնտեղ է ծնվել առաջին ավիաշինարարներից մեկը՝ Ուելդոն Քուքը: 2022 թ. փոքր բնակավայրի բնակիչները կկարողանան «առօրյա հազարավոր իրեր» ստանալ՝ ԱԹՍ-ների անվճար առաքման շնորհիվ։ Առաքման ծառայության զարգացումն աշխատատեղեր կստեղծի եւ կզարգացնի կապերն ու համագործակցությունը ոլորտում, ընդգծել են ընկերությունում։
Ըստ Los Angeles Times-ի, առաքումը կազդի նաեւ Ակամպո, ինչպես նաեւ մասամբ Լոդայ քաղաքի վրա (Կալիֆորնիա): Ըստ Amazon-ի ներկայացուցիչ Ավա Զամիթի, ում խոսքերը մեջբերում է պարբերականը, ԱԹՍ-ները մինչեւ 2.2 կգ (5 ֆունտ) կշռող փաթեթներ՝ կոսմետիկա, գրենական պիտույքներ, մարտկոցներ եւ թեթեւ կենցաղային ապրանքներ կառաքեն։ ԱԹՍ-ն տեղ կհասնի առավելագույնը մեկ ժամում, այնուհետեւ փաթեթը կգցի ստացողի բակում, ընդգծել է Զամմիթը։
Amazon-ը 2016 թ-ից զբաղվում է փոքր ծանրոցների առաքման համար նախատեսված ԱԹՍ-ների մշակմամբ։ Այս պահին ընկերությունը մի քանի փորձարարական սարք ունի: