Հռոմի Պապը հայտարարել է Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի մասին
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի մասին, գրում է La Stampa-ն։
«Մի քանի տարի առաջ մտքովս անցավ ասել, որ մենք ապրում ենք Երրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին: Այսօր, կարծում եմ, հայտարարվել է երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը», – ասել է Պապը Եվրոպայում ճիզվիտական հրատարակությունների ղեկավարների հետ զրույցում:
Նրա կարծիքով՝ պետք է մտածել, թե ինչ է կատարվում մարդկության հետ, «որը մեկ դարում երեք համաշխարհային պատերազմ է վերապրել, սա աղետ է»,- ասել է Հռոմի Պապը։
Հռոմի Պապը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինայից բացի, հակամարտությունները շարունակվում են նաև այլ երկրներում՝ Նիգերիայում, Կոնգոյում, Մյանմայում, բայց ոչ ոքի դա չի հետաքրքրում։ Ֆրանցիսկոսը նաև հիշել է 25 տարի առաջ Ռուանդայում տեղի ունեցած բախումները և ևս մեկ անգամ շեշտել, որ աշխարհը պատերազմի մեջ է։
Մայիսի սկզբին իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում պոնտիֆիկոսը կանխատեսել էր, որ «Ռուսաստանի դռանը ՆԱՏՕ-ի մոտենալը» կհանգեցնի հակամարտության։