Ամենահրատապ հարցը դա՞ է, երկիր ենք կորցրել.Շուշան Պետրոսյանը՝ ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչումները չեղարկելու մասին. ArmDaily.am
Ինչպես հայտնի է ԿԳՄՍ նախարարությունը քննարկման է դրել «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի պատվավոր կոչումները։ Մշակույթի ու արվեստի բնագավառի համար, որպես վաստակի գնահատման չափանիչ, պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները, որոնք առավել ընդգրկուն եզրույթներ են և ներառում են դաշտն ամբողջապես։
ArmDaily.am-ի հետ զրույցում ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը, խոսելով առաջարկվող փոփոխության մասին, ասաց, որ այժմ ավելի առաջնային հարցեր կան։
«Արցախս թող վերադարձնեն։ Դրանք այնքան պայմանական բաներ են։ Ով որ ժողովրդի սերը վայելում է, առանց կոչումների էլ է վայելում։ Ուղղակի ուզում են ցույց տալ, որ իրենք գործ են անում։ Գործը պետք է ուղղված լինի միայն Արցախին, Արցախում մշակութային և կրթական ծրագրեր իրագործելուն, ոչ թե վաստակավորի հարց լուծելով։ Ամենահրատապ հարցը դա՞ է, երկիր ենք կորցրել»,- ասաց Շուշան Պետրոսյանը։
«Նշյալ պատվավոր կոչումների չեղարկումը պայմանավորված է մի շարք պատճառներով։ Մասնավորապես, որևէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող սահմանվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: Չկան ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ և «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունն ու հանրային ճանաչելիությունը, ինչը չի կարող վավերացվել որևէ մարմնի կողմից»,- ասված է հիմնավորման մեջ։