Վենետիկի հանձնաժողովը կդիտարկի Ադրբեջանում ընդունված օրենքը լրատվամիջոցների մասին
Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը հունիսի 17-18-ին կքննարկի Ադրբեջանում անցած տարեվերջին ընդունված լրատվամիջոցների մասին օրենքը։ Այս մասին նշվել է Վենետիկի հանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրությունում, տեղեկացրել է Turan-ը։
Վենետիկի հանձնաժողովի փորձագետների խումբն ուսումնասիրել է Ադրբեջանի լրատվամիջոցների մասին նոր օրենքի համապատասխանությունը Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին եւ պատրաստել է եզրակացություն հարցի վերաբերյալ։
«Այդ եզրակացությունը կքննարկվի եւ կընդունվի հանձնաժողովի փակ նիստում։ Փորձագիտական եզրակացությունը պահանջվել էր ԵԽԽՎ-ի Մոնիթորինգի կոմիտեի ղեկավարի կողմից փետրվարի 2-ին»,- նշվել է հաղորդագրությունում։ Փակ նիստում ընդունված որոշումները կհրապարակվեն ԶԼՄ-ներում հունիսի 20-ին։ Լրատվամիջոցների իրավունքների գծով ադրբեջանցի անկախ փորձագետների կարծիքով՝ նոր օրենքը չի համապատասխանում Ադրբեջանի միջազգային պարտավորություններին եւ ԶԼՄ-ների ազատության չափորոշիչներին։
Լրատվամիջոցների իրավունքների գծով փորձագետ Խալիդ Աղալիեւը Turan-ին ասել է, որ օրենքը չի ավելացնում ԶԼՄ-ների ազատությունը, ավելի շուտ՝ սահմանափակում է այն եւ ավելի շատ հնարավորություններ է տալիս մամուլի հանդեպ վերահսկողություն իրականացնելու համար։
«Օրենքի նման բովանդակությունը չի համապատասխանում ոչ մեր Սահմանադրությանը, ոչ ժողովրդավարական երկրի կառուցման մեր ծրագրերին, ոչ մեր երկրի պարտավորություններին խոսքի եւ ԶԼՄ-ների ազատության համատեքստում։ Ուստի, Վենետիկի հանձնաժողովի փորձագետների եզրակացության բովանդակությունը քննադատական կլինի»,- ասել է նա։
Անցած տարվա դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի խորհրդարանը նոր օրենք ընդունեց լրատվամիջոցների մասին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է նոր օրենքը այս տարվա փետրվարին։ Օրենքը սահմանում է ԶԼՄ-ների ոլորտում գործունեության կազմակերպչական-իրավական եւ տնտեսական հիմքերը, ինչպես նաեւ զանգվածային լրատվություն ստանալու, պատրաստելու, փոխանցելու, թողարկելու եւ տարածելու ընդհանուր կանոնները։ Փաստաթուղթն ընդգրկում է այն հարցերը, որոնք կապված են լրագրողների գործունեության, այդ թվում՝ լրագրողներին միանման վկայականներ հանձնելու, ԶԼՄ-ների ռեեստրի ստեղծման հետ։ Այն արգելում է գաղտնի նկարահանումները եւ այլն։