Հունաստանում հայտնի լրագրողի բնակարանի շենքում ինքնաշեն ռումբ է պայթեցվել
Երեքշաբթի գիշերը հայտնի հույն լրագրող Արիս Պորտոսալտեի բնակարանի շենքի մուտքի մոտ ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթեցվել, հայտնում է Skai հեռուստաալիքը, որտեղ աշխատում է լրագրողը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 03:00-ի սահմաններում։ Հանցագործները չորս գազային պարկուճից պայթուցիկ սարք են տեղադրել, որոնցից երեքը պայթել են։ Պայթյունը վնասել է շենքի մուտքը եւ փոքր հրդեհ է առաջացրել, հաղորդում է հեռուստաալիքը։
«Ողբերգությունն այն է, որ մենք ահաբեկչություն ունենք: Ցավոք, Հունաստանում ահաբեկչություն կա»,- ասել է Պորտոսալտեն հեռուստաալիքի եթերում։
«Ինձ հետապնդում են ավելի քան 10 տարի, քանի որ ես ասում եմ իմ կարծիքը: Այդ կարծիքը չի գնվում»,- ասել է լրագրողը։
Նրա խոսքով՝ նույն տանը ապրում է եւս յոթ ընտանիք։
Skai-ը կառավարամետ հեռուստաալիք է եւ արտահայտում է իշխող «Նոր դեմոկրատիա» կուսակցության տեսակետները։