Թուրքիան երկարացնում է իր ռազմական առաքելությունը Լիբիայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը խնդրանք է ներկայացրել Անկարայի խորհրդարան՝ Լիբիայում ռազմական առաքելությունը 18 ամսով երկարացնելու վերաբերյալ, հայտնում է իտալական AnsaMed գործակալությունը։
Լիբիայում մի քանի տարի գործել են գործադիր իշխանության երկու զուգահեռ մարմիններ՝ Ազգային համաձայնության կառավարությունը Տրիպոլիում եւ նախարարների ժամանակավոր կաբինետը երկրի արեւելքում՝ խորհրդարանի եւ Լիբիայի ազգային բանակի աջակցությամբ: 2019 թվականին Թուրքիան եւ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը համագործակցության հուշագիր են ստորագրել, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ 2019 թվականի գարնանից, Լիբիայում քաղաքացիական պատերազմի ֆոնին, Թուրքիան մեծացրել է իր աջակցությունը ազգային համաձայնության կառավարությանը հավատարիմ ուժերին։ 2019 թվականի դեկտեմբերին Լիբիան դիմել է Թուրքիային՝ ռազմական օգնության պաշտոնական խնդրանքով։ Էրդողանը 2020 թվականի հունվարի 5-ին հայտարարել է, որ թուրք զինվորականները շարժվում են դեպի Լիբիա։
AnsaMed-ը նշում է, որ 2020 թվականի դեկտեմբերին Թուրքիայի խորհրդարանն արդեն 18 ամսով երկարացրել է ռազմական առաքելությունը Լիբիայում։
2020 թվականի սկզբին Ժնեւում աշխատանքն է սկսել լիբիական կողմերի համատեղ ռազմական հանձնաժողովը, որի մեջ մտնում են հինգ բարձրաստիճան սպաներ Ազգային համաձայնության կառավարությունից եւ եւս հինգը՝ Լիբիայի ազգային բանակից: Հանձնաժողովի աշխատանքի նպատակը երկրում հրադադարի շուրջ բանակցություններ վարելն է։