Մթերքների գներն աճում են. հաջորդը կարող է լինել բրինձը
Պարենային ապրանքների գները վերջին ամիսներին աճել են: Եվ բրինձը, որը հիմնական մթերքն է Ասիայի մեծ մասի համար, կարող է հաջորդը լինել:
Բազմաթիվ ապրանքների գները՝ սկսած ցորենից մինչև միս և ձեթ, կտրուկ աճել են։ Դրան նպաստել են բազմաթիվ գործոններ, այդ թվում՝ անցյալ տարի պարարտանյութերի և էներգառեսուրսների թանկացումը, ինչպես նաեւ՝ ուկրաինական պատերազմը։
Սննդամթերքի արտահանման արգելքները կամ խոշոր խափանումներն ազդել են Հնդկաստանից (ցորեն), Ուկրաինայից (ցորեն, վարսակ եւ շաքար) եւ Ինդոնեզիայի (արմավենու ձեթ) արտահանման վրա:
Բրինձը կարող է հաջորդը լինել: ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության պարենի գների ինդեքսն արդեն ցույց է տալիս, որ բրնձի համաշխարհային գներն աճում են հինգերորդ ամիսն անընդմեջ եւ 12 ամսվա առավելագույնին են հասնում, վկայում են մայիսի վերջին տվյալները:
Մասնագետների կարծիքով՝ բրնձի արտադրությունը դեռ առատ է։ Սակայն ցորենի գների աճը եւ, որպես կանոն, աճեցման ավելի բարձր ծախսերը հաջորդ քայլը բրնձի գների մոնիտորինգն են դարձնում:
«Մենք պետք է հետեւենք բրնձի գներին, որովհետեւ ցորենի գների աճը կարող է բրնձի որոշակի փոխարինման, պահանջարկի ավելացման եւ գոյություն ունեցող պաշարների կրճատման հանգեցնել»,- ասել է ճապոնական Nomura բանկի գլխավոր տնտեսագետ Սոնալ Վարման:
Պաշտպանական միջոցառումներն «իրականում սրում են գների ճնշումը գլոբալ մակարդակում տարբեր պատճառներով»,- ասել է նա CNBC-ի Street Signs Asia-ին: Նա հավելեց, որ գյուղատնտեսության համար կերի եւ պարարտանյութի ծախսերն արդեն աճում են, իսկ էներգակիրների գները բարձրացնում են տրանսպորտի արժեքը: «Ուստի վտանգ կա, որ մենք ականատես կլինենք երկրների կողմից պրոտեկցիոնիզմի աճին»,- ասել է Վարման:
Այնուամենայնիվ, նա պնդում է, որ բրնձի գների բարձրացման ռիսկերը դեռ ցածր են, քանի որ բրնձի համաշխարհային պաշարները մեծ են, եւ ակնկալվում է, որ այս ամառ Հնդկաստանի բերքը լավը կլինի:
Ուկրաինայում պատերազմը ցորենի գների բարձրացման հանգեցրեց. Ռուսաստանը եւ Ուկրաինան ցորենի հիմնական արտահանողներն են, իսկ պատերազմը խաթարեց գյուղատնտեսությունը եւ արգելափակեց հացահատիկի արտահանումը: Նախորդ տարվա համեմատ ցորենը թանկացել է ավելի քան 50 տոկոսով։
Reuters-ը, վկայակոչելով Թաիլանդի կառավարության ներկայացուցչին, մայիսի վերջին հայտնել էր, որ Թաիլանդը եւ Վիետնամը բանակցություններ էին վարում բրնձի արտահանման գնի բարձրացման շուրջ:
Ըստ հունիսի 6-ի զեկույցի՝ չորս արտահանողներ Reuters-ին հայտնել էին, որ բրնձի առուվաճառքով զբաղվողները վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի շատ հնդկական բրինձ են գնել:
Սննդի պրոտեկցիոնիստական միջոցները կսրեն գնաճը:
«Հենց հիմա ես ավելի շատ մտահոգված եմ, որ Հնդկաստանը մոտակա շաբաթների ընթացքում բրնձի արտահանման արգելք կսահմանի»,- CNBC-ին ասել է Սննդի քաղաքականության հետազոտությունների միջազգային ինստիտուտի ավագ գիտաշխատող Դեյվիդ Լաբորդը:
Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով՝ Հնդկաստանը եւ Չինաստանը բրնձի երկու խոշորագույն արտադրողներն են աշխարհում, որոնց բաժին է ընկնում աշխարհի ընդհանուր արտադրանքի կեսից ավելին: Վիետնամը զբաղեցնում է հինգերորդ տեղը, իսկ Թաիլանդը՝ վեցերորդը:
Հնդկաստանը մայիսին արգելք սահմանեց ցորենի արտահանման վրա՝ պատճառաբանելով «երկրի ընդհանուր պարենային անվտանգությունը կառավարելու» անհրաժեշտությունը։ Նա նաեւ շաքարավազի սահմանափակումներ մտցրեց ցորենի արգելքից ընդամենը օրեր անց: