Էրդողանի խելահեղ քաղաքականության պատճառով լիրան մշտական ճգնաժամի մեջ է․ փորձագետ
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության պատճառով թուրքական լիրան մշտական ճգնաժամի մեջ է, կարծում է BlueBay Asset Management-ում զարգացող շուկաների ավագ ռազմավար Թիմ Էշը:
Էրդողանը 2018 թվականից հրահրել է լիրայի վաճառքը՝ խաթարելով կենտրոնական բանկի անկախությունը եւ ավելի ցածր տոկոսադրույքներ պահանջելով ինֆլյացիայի արագացման պայմաններում: Անցյալ տարի լիրան կորցրել է իր արժեքի 44 տոկոսը դոլարի նկատմամբ, իսկ 2022 թվականին նվազել է ավելի քան 20 տոկոսով:
«Կարծում եմ՝ կարելի է ասել, որ վերջին տարիներին Էրդողանի խելահեղ տոկոսադրույքների քաղաքականության պատճառով լիրան գտնվում է մշտական ճգնաժամի մեջ»,- ասել է փորձագետը։
Երկուշաբթի օրը լիրան էժանացել է 0,1 տոկոսով՝ մեկ դոլարի դիմաց հասնելով 17,22-ի։ 2018 թվականի սկզբին դոլարի փոխարժեքը կազմել է 3,78 դոլար։
Էշը Twitter-ում պատասխանել է Միջազգային ֆինանսների ինստիտուտի (IIF) գլխավոր տնտեսագետ Ռոբին Բրուքսի մեկնաբանություններին, որն ասել է, որ Թուրքիան արժութային ճգնաժամեր է ապրել 2018, 2019, 2020 եւ 2021 թվականներին։ «Շատ օտարերկրյա ներդրողներ չեղարկել եւ կրճատել են իրենց ռազմավարական ներդրումները երկրում: Շատ ափսոս»,- ասել է Բրուքսը։
Էրդողանը պնդում է, որ բարձր տոկոսադրույքները ինֆլյացիա են առաջացնում եւ հակասում են «իսլամական համոզմունքներին»: Անցյալ տարվա վերջին կենտրոնական բանկը նրա ցուցումով տոկոսադրույքները 19 տոկոսից իջեցրել է մինչեւ 14 տոկոս, ինչը լիրայի վաճառք է հրահրել: Մայիսին Թուրքիայում ինֆլյացիան արագացել է մինչեւ 73,5 տոկոս, ինչը ամենաբարձր մակարդակն է զարգացած եւ զարգացող շուկայական տնտեսություններում։ Էրդողանն այս ամսվա սկզբին ասել էր, որ կենտրոնական բանկը կրկին կնվազեցնի տոկոսադրույքները, իսկ տոկոսադրույքների բարձրացման մասին խոսք անգամ լինել չի կարող:
Թիմ Էշի կարծիքով, հաջորդ կառավարությունը ծանր պայքար է մղելու քաղաքական սխալները շտկելու եւ դրանց պատճառած վնասը հատուցելու համար։ «Նա, ով հաղթի հաջորդ ընտրություններում, ամենայն հավանականությամբ, կբախվի բազմաթիվ տնտեսական «անակնկալների», որոնք քաղաքական բազմամյա անհաջող որոշումների արդյունք են, որոնք կպահանջեն բարդ եւ ցավալի շտկումներ»,- գրել է նա Twitter-ում: