«Հավկիթից մեծ չափերով կարկուտ է տեղացել». Ուռուտ գյուղում վերջին երկու ամսում հինգերորդ կարկուտն է տեղացել
Լոռու մարզի Ուռուտ գյուղում հունիսի 10-ին մոտ 25 րոպե կարկուտ է տեղացել, որը վերջին երկու ամսում հինգերորդն է եղել գյուղում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց գյուղի բնակչուհին, որի խնդրանքով իր անունը չենք հրապարակի:
«Նախորդ կարկուտները գրեթե ամբողջությամբ ոչնչացրել էին գյուղացու աշխատանքը: Վերջին տեղացած կարկուտի չափերն աննախադեպ մեծ էին`հավկիթի մեծության, նույնիսկ՝ ավելի խոշոր։ Տնամերձ հողամասերում վնասված է ամեն ինչ, արդեն 4-րդ անգամն էինք սածիլներ գնում: Սարսափելի վիճակում են պտղատու ծառերը` բալենի,խնձորենի,տանձենի, որոշները նույնիսկ չորացել են։ Ընկուզենիների մի մասը ցրտահարվել է,մյուսները`կարկտահարվել են,պնդուկի ամբողջը ծաղիկը, տերևները ծառերի տակ են հայտնվել»,- պատմեց բնակչուհին։
Բնակչուհի խոսքով՝ այս տարի գյուղացիները վերջին տարիների համեմատ ամենաշատ թվով դաշտերն էին մշակվել։
«Մեծ թվով վարկերի ու պարտքեր կան սերմացու,դիզվառելիք եւ պարարտանյութ էին գնելու համար, որոնք էլ ի դեպ վերջին տարում շատ են թանկացել: Գյուղում համատարած հուսահատություն է,մարդիկ չգիտեն՝ ինչ միջոցներով են փակելու գոյացած պարտքերը,վնասները: Համատարած բոլորս ենք տուժել»,- հավելեց Ուռուտի բնակչուհին: