Սիրիայում Թուրքիայի ԶՈւ-ի գործողությունը կարող է սկսվել Կուրբան-բայրամից անմիջապես հետո
Թուրքիայի նոր ռազմական գործողությունը Սիրիայում կարող է սկսվել ներկայում Իրաքի հյուսիսում թուրքական բանակի կողմից իրականացվող մեձսահմանային գործողությունից հետ, երկուշաբթի տեղեկացրել է Hürriyet թերթը։ Պարբերականը չի բացառել, որ գործողությունն սկսելու հրամանը կարող է տրվել զոհաբերության մուսուլմանական գլխավոր տոնից՝ հունիսի 9-12-ին նշվող Կուրբան-բայրամից անմիջապես հետո։
«Ճանկ-ամրոց» գործողությունը թուրքական բանակն իրականացնում է ապրիլի 18-ից Հյուսիսային Իրաքում։ Ներկա պահի դրությամբ, Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով, ոչնչացվել են Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության ավելի քան 220 զինյալ, նրանց տեղակայման հիմնական կայանները, զենքի եւ մթերքների պահեստները։
Hürriyet-ի տեղեկատվությամբ՝ Թուրքիայի ԶՈւ-ն ցանկանում է հաջողությամբ ավարտել գործողությունն Իրաքի հյուսիսում, ուստի սիրիական նոր գործողության հաշվարկը պետք է վարել Իրաքում ռազմական գործողությունների դադարեցման պահից։ Մյուս կողմից, գրել է թերթը, դեռեւս լիովին չի ավարտվել բանակային խմբավորման ձեւավորումը Թել Ռիֆաաթում եւ Մանբիջում գործողություն իրականացնելու համար, որոնք էլ թուրքական բանակի հիմնական ուղղություններն են Սիրիայի հյուսիսում։
Hürriyet-ը հիշեցնում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ գործողությունը Սիրիայում կարող է սկսվել ցանկացած պահի։ «Թուրքիայի ԶՈւ-ն գործողությունը չի սկսի, եթե դրան լիովին պատրաստ չլինի։ Պետք է ուշադրություն դարձնել Կուրբան-բայրամի տոնին, որի ավարտից հետո գործողությունը կարող է սկսվել անգամ ոչ թե հաշված օրերի, այլ հաշված ժամերի ընթացքում»,- գրել է Hürriyet-ի մեկնաբան Աբդուլկքադիր Աքսուն, որը հայտնի է թուրքական իշխանությունների հետ ունեցած սերտ կապով։