Դրագին, Շոլցը եւ Մակրոնը հունիսի 16-ին կայցելեն Կիև
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում են հինգշաբթի՝ հունիսի 16-ին համատեղ այց կատարել Կիեւ, տեղեկացրել է La Stampa թերթը։
Թերթի տվյալներով՝ Իտալիայի վարչապետի համար սա կլինի այդ թվում նաեւ երկուշաբթի Իսրայել կատարելիք ուղեւորության արդյունքների քննարկման հնարավորություն։ Ինչպես սպասվում է, Դրագին կհանդիպի Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթին, ինչպես նաեւ նախագահ Իցհակ Հերցոգին։ Նախատեսված է նաեւ հանդիպում Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Շթայեի հետ։ Իտալիայի վարչապետի Իսրայել այցի գլխավոր թեմաներն են դառնալու հակամարտությունն Ուկրաինայում եւ էներգետիկայի ոլորտում տիրող իրավիճակը, նշել են իտալական լրատվամիջոցները։
Հունիսի 11-ին երեք ղեկավարների Ուկրաինա այցելելու մտադրության մասին տեղեկացրել էր Bild am Sonntag թերթը։ Պարբերականը չէր բացառել, որ կենտրոնական թեմաներն են լինելու Կիեւ սպառազինությունների մատակարարումը եւ աջակցությունն Ուկրաինային՝ Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում։