Վենետիկում Եվրոպայի առաջին հրեական գետտոյում կվերանորոգեն 16-րդ դարի սինագոգները
Վենետիկի հրեական գետտոն համարվում է առաջինը Եվրոպայում եւ առաջիններից մեկն աշխարհում, եւ նոր ջանքեր են նախաձեռնվում պահպանելու 16-րդ դարի նրա սինագոգները՝ մնացած հրեաների եւ անցորդ զբոսաշրջիկների համար, հաղորդում է AP-ն:
Ըստ արվեստաբան Դեվիդ Լանդաուի, գրեթե երկու տարվա ընթացքում վերականգնողները քերել են ներկը եւ հայտնաբերել գետտոյի երեք սինագոգների սկզբնական հիմքերը, որոնք համարվում են Վերածննդի դարաշրջանի միակ սինագոգները, որոնք մինչ այժմ գործում են:
Լանդաուն ղեկավարում է դրամահավաքը՝ սինագոգների եւ մոտակա շենքերի վերականգնման նպատակով՝ ինչպես Վենետիկի մոտ 450 հոգանոց հրեական համայնքի, այնպես էլ զբոսաշրջիկների համար, որոնք կարող են այցելել դրանք Վենետիկի հրեական թանգարանում էքսկուրսիա կատարելիս:
Մինչ օրս նրան հաջողվել է հավաքել շուրջ 5 միլիոն եվրո, եւ նա հուսով է, որ աշխատողները կարող են ավարտել վերանորոգումը մինչեւ 2023 թվականի վերջը, եթե ապահովվի մնացած ֆինանսավորումը, թեեւ նախնական 4 միլիոն եվրոն հասել է 6 միլիոն եվրոյի՝ շինարարության գնի աննախադեպ աճի պատճառով:
Վենետիկյան գետտոն ստեղծվել է 1516 թվականին, երբ հանրապետությունը ստիպեց աճող թվով հրեաների տեղափոխվել այն տարածք, որտեղ գտնվել են հին ձուլարանները: Այս տարածքը, որը գիշերը փակվում էր, դարձել է Եվրոպայի առաջին գետտոն եւ մնում է Վենետիկի հրեական համայնքի կենտրոնը Կանարեջո շրջանում։
Առաջին սինագոգը թվագրվում է 1528 թվականին եւ կառուցվել է գերմանացի աշքենազ-հրեաների կողմից։ Դրան հետեւել են մյուսները, որոնք սպասարկել են տարբեր խմբերի, այդ թվում՝ մեկը իսպանացի հրեա-սեֆարդների եւ մեկը իտալացի հրեաների համար:
Դրանցից ոչ մեկը չի երեւում փողոցից, քանի որ Վենետիկի կառավարիչների կողմից սահմանված խիստ կանոնները հրեաներին թույլ չեն տվել բացահայտորեն դավանել իրենց հավատքը։ Բոլոր սինագոգները թաքնված են սովորական թվացող շինությունների վերին հարկերում, որոնց ստորին հարկերում հրեական ընտանիքների համար նեղլիկ կացարաններ են եղել։
Սինագոգները գործել են անընդհատ, բացառությամբ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանական օկուպացիայի ժամանակ։