Ֆրանսիայում նախագահամետ կոալիցիան նվազագույն տոկոսներով առաջ է անցել ձախերից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասի՛ն» կոալիցիան խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում հավաքել է 25,71 տոկոս ձայն, երկրորդ տեղում Ժան-Լյուկ Մելանշոնի ձախ «Նոր ժողովրդական բնապահպանական եւ սոցիալական միությունն» է (Nupes)՝25,61 տոկոս, տեղեկացրել է հանրապետության ՆԳՆ-ն։
Երրորդ տեղում Մարին լը Փենի «Ազգային միավորումն» է՝ 18,74 տոկոս։
Կիրակի Ֆրանսիայում տեղի է ունեցել Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունների առաջին փուլը։ Շրջաններում ընտրատեղամասերն ավարտել են աշխատանքը։ ՆԳՆ-ի տվյալներով՝ տեղի ժամանակով ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը կազմել է 39,42 տոկոս։
Ֆրանսիայում ընտրությունների երկրորդ փուլը կկայանա մեկ շաբաթ անց՝ հունիսի 19-ին։ Դրան կմասնակցեն այն թեկնածուները, որոնք ստացել են շրջանում գրանցված ընտրողների ձայների ոչ պակաս, քան 12,5 տոկոսը։