Եգիպտոսում սարկոֆագներով և արձաններով պահոց է հայտնաբերվել
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հարավ գտնվող Սաքքարա հնագիտական վայրում պեղումների ժամանակ գիտնականները հայտնաբերել են սարկոֆագների պահոց և 150 բրոնզե արձանիկներ, ինչպես նաև ճարտարապետ Իմհոտեփի պատկերը: Այդ մասին գրում է France24-ը։
Սաքքարան հին Եգիպտոսի մայրաքաղաք Մեմֆիսի հսկայական դամբարանն է: Այն ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:Այնտեղ կան մեկ տասնյակից ավելի բուրգեր, կենդանիների թաղման վայրեր և հնագույն ղպտի քրիստոնեական վանքեր:
Արձանիկների վրա պատկերված են տարբեր աստվածներ և աստվածուհիներ՝ Բաստետը, Անուբիսը, Օսիրիսը, Իսիսը, Նեֆերտումը և Հաթորը: Իսկ հայտնաբերված մումիաները պատկանում են մոտավորապես մ.թ.ա 5-րդ դարին։
Նաև մեկ սարկոֆագի ներսում հայտնաբերվել է 9 մ երկարությամբ անձեռնմխելի և կնքված պապիրուս, որը պարունակում է գլուխներ Մեռյալների գրքից: