Բոլիվիայի դատարանը նախկին նախագահին դատապարտել է 10 տարվա ազատազրկման
Բոլիվիայի դատարանը նախկին նախագահ Ժանին Անյեսին դատապարտել է 10 տարվա ազատազրկման՝ 2019 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջման գործով, գրել է El Deber թերթը։
Նշվում է, որ Բոլիվիայի գլխավոր դատախազությունը միջնորդել է՝ Անյեսին դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Դատարանը դատավճիռն արդեն հրապարակել է: Կողմերին, սակայն, հիմնավորումը կներկայացվի առաջիկա օրերին։
Ոստիկանությունը Անյեսին բերման է ենթարկել 2021 թվականի մարտի 13-ի գիշերը՝ պետական հեղաշրջման շրջանակներում ահաբեկչության, խռովության և դավադրության կասկածանքով։ Հետաքննությունը ենթադրում է, որ քաղաքական գործիչը ապօրինի կերպով իրեն հռչակել է Բոլիվիայի ղեկավար՝ չպահպանելով սահմանադրության և օրենքների նորմերը։ Գործի դատաքննությունը սկսվել է մարտի 28-ին, սակայն նույն օրը այն հետաձգվել է Անյեսի նյարդային խանգարման պատճառով:
Ավելի վաղ Բոլիվիայի նախկին ղեկավարը բողոքել էր բանտում ծեծից։ Այս մասին հայտնել է նրա դուստրը՝ Կարոլինա Ռիբերան։
Անյեսը ձերբակալվել էր մարտի 13-ին՝ հեղաշրջման հետաքննության շրջանակներում։ Նա եղել է Տրինիդադ քաղաքում գտնվող իր հարազատների տանը, երբ իրավապահները խուզարկել են տունը և ձերբակալել: Պետության նախկին ղեկավարին գտել են մահճակալի տակ գտնվող տուփի մեջ։