ԱՀԿ-ն դեռ մտածում է կորոնավիրուսի ծագման մասին
Լաբորատորիայից կորոնավիրուսի «արտահոսքի» հնարավորությունը «հետագա հետազոտություններ» է պահանջում, նշվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գիտնականների խմբի հրապարակած հաշվետվությունում։
Սակայն կորոնավիրուսի եւ այլ նոր պաթոգենների ծագումն ուսումնասիրող գիտնականների նախնական հաշվետվությունում նշվել է, որ խմբին չի ներկայացվել որեւէ նոր տվյալ մարդկային պոպուլյացիայում SARS-CoV-2-ի առաջացման «լաբորատոր արտահոսքի» հնարավորության գնահատման համար, գրել է The Hill-ը։
Նշվել է, որ ներկայում առկա տվյալները վկայում են այն մասին, որ SARS-CoV-2-ն առաջացել է կենդանիներից՝ 2013թ. Չինաստանում եւ 2020թ. Լաոսում՝ չղջիկներից։ Հետազոտողները հայտարարել են, որ անբավարար տվյալները վկայում են, որ դրանք չէին կարող նշել ոչ կենդանուն, ոչ վարակված մարդկանց, ոչ այն տեղը, որտեղ կարող էր առաջանալ վարակը։ Գիտնականները հայտարարել են, որ «կարեւոր է հաշվի առնել բոլոր գիտական տվյալները», որպեսզի գնահատվի լաբորատոր միջադեպի հնարավորությունը։
Հաշվետվության անհամոզիչ բնույթը, հավանաբար, ավելի մեծ թվով վեճեր կառաջացնի, թե որտեղից է առաջացել կորոնավիրուսը եւ ինչպես է առաջին անգամ վարակել մարդկանց։
«Վիրուսի ծագումը պարզելը շատ կարեւոր է գիտական տեսանկյունից՝ հետագա համաճարակները եւ համավարակները կանխելու համար։ Բայց բարոյապես մենք պարտք ունենք նրանց հանդեպ, ովքեր տուժել ու մահացել են, նրանց ընտանիքների հանդեպ»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը։ «Բոլոր վարկածները պետք է սեղանին մնան անքան ժամանակ, քանի դեռ չեն լինի ապացույցներ, որոնք թույլ կտան մեզ ընդունել կամ մերժել որոշակի վարկածները»,- ասել է Թեդրոսը։
Նա բոլոր երկրներին, հատկապես Չինաստանին կոչ է արել լինել թափանցիկ եւ համագործակցել տվյալներ եւ նմուշներ փոխանակելով՝ առանց կառավարությունների միջամտության։
Նոր պաթոգենների ծագմամբ զբաղվող գիտական խորհրդատվական խումբը (SAGO) սեփական հետաքննություն չի վարել, այլ դիտարկել է առկա հետազոտությունները։ Խմբի կազմում ընդգրկված է 27 մարդ, այդ թվում փորձագետներ ԱՄՆ-ից, Չինաստանից եւ Ռուսաստանից։
Խմբի բրազիլացի, չինացի, ռուս անդամներն առարկել են լաբորատոր միջադեպը քննարկելուն՝ «այն պատճառով, որ իրենց կարծիքով՝ նոր գիտական ապացույցներ չկան»։
ԱՀԿ-ն SAGO-ն գումարել է 2021թ. ԱՀԿ-ի եւ Չինաստանի համատեղ հետաքննությունից հետո։ 2021թ. հաշվետվությունում լաբորատորիայից արտահոսքն անվանվել է «քիչ հավանական», եւ ենթադրվել է, որ առավել ճշմարտանման է կենդանիներից տարածման տեսությունը։
Սպիտակ տունը հայտարարել է, որ իրենց կարծիքով՝ Չինաստանը «թափանցիկ չի եղել» իր եզրակացությունները COVID-19-ի մասին հրապարակելու ժամանակ, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խիստ սահմանափակված էր իր հետաքննությունն իրականացնելիս։