Ամերիկացիները տուգանվել են Հռոմի «Իսպանական աստիճանները» վնասելու համար
Իտալիայի ոստիկանությունը տուգանել է ամերիկացի զբոսաշրջիկներին՝ Հռոմի «Իսպանական աստիճաններով» սկութերով անցնելիս հասցրած 26 հազար դոլարի վնասի համար:
29-ամյա տղամարդը վարձակալած սկութերով պտտվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային պատմամշակութային հուշարձանների ցանկում գտնվող աստիճանների տարածքում, որտեղ, ինչպես հայտնի է, 2018 թվականից ի վեր նստելն անգամ արգելված է: Ավելի ուշ տղամարդու պտույտները նկարահանող 28-ամյա ուղեկիցը, երկու անգամ աստիճանների վրա է նետել սկութերը, որի հետեւանքով մարմարե աստիճանները ճաքել են:
Զբոսաշրջիկներին տուգանել են 430-ական դոլարով եւ արգելել մոտենալ հուշարձանին՝ նրանցից առգրավելով սքութերները:
Միջադեպից երկու շաբաթ առաջ Սաուդյան Արաբիայից ժամանած 37-ամյա մեկ այլ զբոսաշրջիկ մեքենայով քշել էր աստիճանների վրայով՝ իր արարքը պատճառաբանելով GPS սարքավորման ցույց տված ուղով: Տղամարդուն մեղադրանք էր առաջադրվել, որն էլ համաձայնվել էր վճարել վերանորոգման ծախսերը:
Հայտնի է, որ «Իսպանական աստիճանները» վերանորոգվել են 2015 թվականին, որի համար ծախսվել է 1,6 միլիոն դոլար, որպեսզի աստիճաններն ունենան 1725 թվականի իրենց տեսքը: