Չինաստանն ավելի ու ավելի ագրեսիվ մոտեցում է ցուցաբերում իր տարածքային պահանջների հարցում. Պենտագոնի ղեկավար
ԱՄՆ-ն կանի հնարավոր ամեն բան՝ Չինաստանի հետ լարվածության կարգավորման եւ հակամարտությունների կանխման համար՝ «չնայած նրան, որ Պեկինն ավելի ագրեսիվ է դառնում ասիական տարածաշրջանում, այդ թվում՝ Թայվանի շուրջ», շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, փոխանցում է Reuters-ը:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները վերջին ամիսներին լարված էին, երբ աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունները կոնֆլիկտներ ունեցան տարբեր հարցերի շուրջ՝ սկսած Թայվանից եւ Չինաստանում մարդու իրավունքների վիճակից մինչեւ երկրի ռազմական գործողությունները Հարավչինական ծովում:
Ուրբաթ Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեի հետ Օսթինի հանդիպմանը երկու կողմերը հաստատել են, որ ցանկանում են ավելի լավ կառավարել իրենց հարաբերությունները:
Ելույթ ունենալով «Դիալոգ Շանգրի-լա»-ին՝ Ասիայի անվտանգության հարցերով բարձրագույն հավաքին, Օսթինն ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի մնալ իր դաշնակիցների կողքին, այդ թվում՝ Թայվանի:
«Դա հատկապես կարեւոր է, քանի որ ՉԺՀ-ն (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) ավելի կոպիտ եւ ագրեսիվ մոտեցում է ցուցաբերում իր տարածքային պահանջների հարցում»,- ասել է նա:
Օսթինը նաեւ նշել է չինական ինքնաթիռների եւ նավերի, ինչպես նաեւ այլ երկրների ինքնաթիռների եւ նավերի միջեւ «ոչ ապահով եւ ոչ պրոֆեսիոնալ բախումների» թվի «մտահոգիչ» աճը:
Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ Թայվանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը ստատուս քվոյի ցանկացած միակողմանի փոփոխության հակառակորդ լինելն է:
«Մեր քաղաքականությունը չի փոխվել: Բայց, ցավոք, Չինաստանին դա չի վերաբերում»,- հայտարարել է:
«Մենք առճակատման կամ կոնֆլիկտի չենք ձգտում։ Եւ մենք նոր սառը պատերազմ, ասիական ՆԱՏՕ-ի կամ տարածաշրջանի՝ թշնամական բլոկների պառակտման չենք ձգտում»,- ասել է նա։