Ֆինլանդիայում Էրդողանին բռնապետ են անվանել
Ֆիննական YLE հեռուստաընկերության տնօրեն եւ գլխավոր խմբագիր Յոուկո Յոկինենը մերժել է «ահաբեկիչների առաջնորդների» հետ հարցազրույցների հեռարձակումը դադարեցնելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահանջները՝ դրանք անվանելով «բռնապետի զառանցական երեւակայություններ», գրում է EuroActiv-ը։
Էրդողանի պահանջներից մեկը տեղական պետական հեռարձակողների կողմից «ահաբեկիչների առաջնորդների» հետ հարցազրույցների արգելումն է, որպեսզի ինքն արգելք չդնի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության համար։
Էրդողանի մեկնաբանությունները, հավանաբար, կապված են Սիրիայից Ֆիննական հեռարձակող ընկերության (YLE) վերջին հաղորդումների եւ քրդերի առաջնորդ Սալիհ Մուսլիմի հետ հարցազրույցի հետ:
«Աշխարհը չի փոխվի ԶԼՄ-ներին եւ խոսքի ազատությունը վերահսկելու փորձերի դեպքում»,- ասել է Յոկինենը YLE-ի կայքում։
Նրան աջակցել է նաեւ Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։ «Ֆիննական հեռարձակող ընկերությունը, ինչպես երկրի բոլոր լրատվամիջոցները, օգտվում է մամուլի լիակատար ազատությունից»,- ասել է նա: