Իսպանիան ուզում է, որ ՆԱՏՕ-ն իր ճանապարհային քարտեզում միգրացիան որպես «հիբրիդային սպառնալիք» նշի
Իսպանիան, որպես ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովի հյուրընկալող կողմ, կպնդի, որ դաշինքի նոր քաղաքական ճանապարհային քարտեզում ներառվեն «հիբրիդային սպառնալիքները», ինչպիսիք են անօրինական միգրացիան, պարենային անվտանգության բացակայությունը եւ ահաբեկչությունը, հայտարարել է արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
Հունիսի 29-30-ը Մադրիդում կայանալիք գագաթաժողովը կլինի ամենակարեւորներից մեկը 1949 թվականին ՆԱՏՕ-ի ստեղծումից ի վեր։ Այն կմշակի հաջորդ տասնամյակի համար դաշինքի «Ռազմավարական հայեցակարգը», որում կշարադրվի նրա առաքելությունը ուկրաինական պատերազմի եւ որպես նոր անդամներ Ֆինլանդիայի ու Շվեդիայի ընդունման ֆոնին, գրում է Reuters-ը։
Իսպանիան ցանկանում է, որ ՆԱՏՕ-ն ավելի մեծ ուշադրություն դարձնի ոչ ռազմական սպառնալիքներին իր, այսպես կոչված, հարավային թեւում, որը բաղկացած է Մաղրիբի եւ Սահելի երկրներից, ասել է Ալբարեսը:
«Մենք ցանկանում ենք ճանաչել, որ լուրջ սպառնալիքներ են գալիս նաեւ հարավային թեւից»,- ասել է Իսպանիայի բարձրաստիճան դիվանագետը: «Ահաբեկչությունը, կիբեռանվտանգությունը, էներգետիկ ռեսուրսների քաղաքական օգտագործումը եւ անօրինական միգրացիան բոլորը ոտնձգություն են մեր ինքնիշխանության դեմ»:
Վերջին շաբաթներին ՆԱՏՕ-ի ինսայդերները Reuters-ին հայտնել են, որ, հաշվի առնելով արեւելյան թեւում ակտիվ հակամարտությունը եւ այնպիսի տարածաշրջանները, ինչպես Բալթյան երկրներն են, լրացուցիչ ռեսուրսներ են պահանջում, հարավային թեւի հանդեպ ցանկացած վճռական հանձնառություն քիչ հավանական է:
Աղբյուրները նաեւ հայտնել են, որ միգրացիոն խնդիրը չափազանց շատ տարաձայնություններ է առաջացրել, որպեսզի գագաթաժողովում կոնսենսուսի հասնեն, նույնիսկ եթե Իսպանիային աջակցում են հարավային Եվրոպայի այլ երկրներ, ինչպիսիք են Պորտուգալիան եւ Իտալիան:
Ալբարեսը նշել է, որ նման հիբրիդային սպառնալիքների ուղղակի ընդգրկումը ՆԱՏՕ-ի ռազմավարության մեջ, ինչպես նաեւ հարավային թեւը որպես դիտարկումների տարածք նշելը, բավական կլինի «զսպող» էֆեկտ ունենալու համար:
«Ոչ մի նոր բան պետք չէ անել, պարզապես պետք է նկատի ունենալ, որ մի շարք սպառնալիքներ կարող են առաջանալ հարավային թեւից, որոնք ինչ-որ պահի կարող են պահանջել ՆԱՏՕ-ի պաշտպանական պատասխանը նույն կերպ, ինչ մենք տեսնում ենք արեւելյան թեւում»: Նրա խոսքով՝ թեեւ հարավից ուղղակի ռազմական սպառնալիքին պետք է արձագանքել ՆԱՏՕ-ի ռազմական պատասխանով, «ոչ ավանդական» ռեսուրսները, ինչպիսիք են տեխնոլոգիաները, կարող են օգտագործվել այնպիսի սպառնալիքների դեմ, ինչպիսիք են կիբեռհարձակումները եւ անօրինական միգրացիան որպես զենք օգտագործելը: «Թող ոչ ոք չկասկածի, որ նման հիբրիդային սպառնալիքները կարող են օգտագործվել մեր տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը մարտահրավեր նետելու համար»,- ասել է նա։