Մամիկոն Ասլանյանի եւ մյուսների գործով դատական նիստը
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում՝ նախագահութամբ դատավոր Մարտին Արզումանյանի, այսօր՝ հունիսի 10-ին, մեկնարկել է Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի, Սուրեն Աբովյանի, Արեւհատ Հովհաննիսյանի գործով առաջին դատական նիստը։
Դատարանի բակում են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ ի աջակցություն՝ Մամիկոն Ասլանյանի։
Մամիկոն Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Մամիկոն Ասլանյանը, 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաեւ համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից եւ կատարել է պաշտոնական կեղծիք:
Քրեական գործով կալանավորված է միայն Մամիկոն Ասլանյանը, մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։
Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում անցկացվեցին ընտրություններ, մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որոնցից հինգն էին անցել Վանաձորու ավագանու կազմ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինք (15 մանդատ), «Քաղաքացիական պայմանագիրը» (9 մանդատ), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը (5 մանդատ), «Ապրելու երկիր» (2 մանդատ) եւ «Հայրենիք» (2 մանդատ) կուսակցությունները։
Ստացված ձայներից առավելագույն՝ 38․70 %-ը հավաքել էր Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի առաջնորդած «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը։
2021 թվականի դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։