ԱՄՆ Կոնգրեսը ներկայացրել է Իրանի դեմ Իսրայելի եւ արաբական պետությունների պաշտպանական համակարգերի ինտեգրման օրինագիծ
Ամերիկացի օրենսդիրները ինչպես Ներկայացուցիչների պալատում, այնպես էլ Սենատում ներկայացրել են օրինագիծ՝ ուղղված հակաօդային պաշտպանության ինտեգրված համակարգի սետեղծմանը՝ Իրանի դեմ Իսրայելի եւ հարեւան արաբական պետությունների միջեւ համագործակցությունն ուժեղացնելու նպատակով, գրել է Times of Israel-ը։
Հակառակորդի ուժերի զսպման եւ ազգային պաշտպանության ապահովման օրենքը (DEFEND) ԱՄՆ-ի վերջին փորձն է՝ աջակցելու Աբրահամյան համաձայնագրերի կարգավորման մասին համաձայնագրերին, որոնք Իսրայելը կնքել է ԱՄԷ-ի, Բահրեյնի եւ Մարոկկոյի հետ 2020թ., Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությամբ։
Օրենքը թույլ է տալիս ԱՄՆ պաշտպանության նախարարությանը համագործակցել Իսրայելի, Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի եւ Պարսից ծոցի Համագործակցության երկրների խորհրդի (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Բահրեյն, Կատար, Օման եւ Քուվեյթ) հետ՝ մշակելու եւ ներդնելու համար հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության ինտեգրված կառույց «իրանական սպառնալիքներից» պաշտպանվելու համար։
Եգիպտոսից, Հորդանանից եւ բոլորովին վերջերս՝ ԱՄԷ-ից ու Բահրեյնից բացի՝ Իսրայելը պաշտոնական կապեր չունի արաբական մյուս երկրների հետ։ Դրանց մի մասի հետ այն զուսպ հարաբերություններ է պահպանում, որոնք վերջին տարիներին ընդլայնվել են, որպեսզի համագործակցեն Իրանի դեմ, բայց Իրաքի խորհրդարանը անցած ամիս ընդունել է օրենք, որը քրեականացնում է հրեական պետության հետ հարաբերությունների կարգավորումը։
Պարզ չէ, թե արդյոք թվարկված երկրներից որեւէ մեկն աջակցում է այդ ջանքերին, թե օչենսդիրները նրանց հետ խորհրդակցել են մինչ օրինագծի հրապարակումը։
Հակաօդային պաշտպանության համատեղ համակարգի գաղափարը Իսրայելի եւ նրա արաբական հարեւանների հետ նոր չէ, եւ այն բարձրացվել է մարտին, Նեգեւում Իսրայելի, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Մարոկկոյի եւ Եգիպտոսի արտաքին գործերի նախարարների գագաթաժողովում։
Օրենսդրությունը նաեւ պաշտպանության նախարարությունից պահանջելու է Կոնգրեսին հաշվետվություն ներկայացնել իրանական բալիստիկ հրթիռներին, անօդաչու սարքերին եւ հրթիռներին դիմակայելու հակաօդային նման համակարգի ստեղծման հնարավորության մասին՝ ընդունումից 180 օրվա ընթացքում։
Օրինագիծը Սենատ կմտցնեն դեմոկրատներ Ջեքի Ռոզենը եւ Քորի Բուքերը, ինչպես նաեւ հանրապետականներ Ջոնի Էռնստը եւ Ջեյմս Լենքֆորդը։ Ներկայացուցիչների պալատ այն կմտցնեն դեմոկրատներ Բրեդ Շնայդերը, Դեւիդ Թրոունը եւ Ջիմի Փանետան, ինչպես նաեւ հանրապետականներ Մակմորիս Ռոջերսը, Էն Վագները եւ Դոն Բեկոնը։