Դանիան և Նիդեռլանդները դեմ են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը. Bloomberg
Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կստանա ԵՄ-ի նախնական աջակցությունն անդամակցության ճանապարհին։ Սպասվում է, որ հաջորդ շաբաթ Եվրահանձնաժողովը կերաշխավորի Ուկրաինային տալ թեկնածուի կարգավիճակ, ինչը կարեւոր քայլ է ԵՄ-ին անդամակցության երկար ճանապարհին, գրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Երաշխավորությունը, որը պետք է քննարկվի եւ ընդունվի եվրահանձնակատարների կոլեգիայի կողմից, ուղեկցվելու է օրենքի գերակայության եւ հակակոռուպցիոն օրենսդրության հետ կապված պայմաններով։
Անդամակցության արագ ճանապարհ չկա, եւ Ուկրաինան դեռեւս պետք է հաղթահարի կարեւոր պետությունների առարկությունները, որոնք դեմ են դաշինքի ընդլայնմանը։
Եվրոպական հանձնաժողովի վերջնական որոշումը, անգամ եթե այն դրական լինի, կպահանջի անդամ պետությունների հավանությունը՝ նախքան Ուկրաինային պաշտոնապես կարգավիճակ տրամադրելը։ ԵՄ ղեկավարները պատրաստվում են հարցը քննարկել հունիսի 23-24-ին Բրյուսելում, եւ մի քանի երկրներ հայտարարել են, որ դեմ են այդ քայլին՝ ասելով, որ Ուկրաինային չպետք է առավելություն տալ մյուս թեկնածուներից։ Անդամակցության գործընթացը ներառում է քայլերի եւ պայմանների բարդ հավաքածու, որոնց կատարումը սովորաբար կարող է տասը տարուց երկար տեւել։
Սպասվում է, որ Եվրահանձնաժողովի եզրակացությունը կտրվի հունիսի 17-ին։
ԵՀ ներկայացուցիչն ասել է, որ այս ուղղությամբ աշխատանքը շարրունակվում է։
Որոշ անդամ պետություններ, այդ թվում Նիդեռլանդները, մինչեւ այժմ դեմ են եղել Կիեւի հայտին, այն դեպքում, երբ երկրների մեծ մասը, ներառյալ Իտալիան, կողմ են։
Բանակցությունների ընթացքին ծանոթ պաշտոնական անձանց խոսքով՝ երկրները, այդ թվում Լեհաստանը, Լիտվան եւ Նիդեռլանդները, չորեքշաբթի ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ հայտարարել են, որ ցանկանում են, որպեսզի ԵՄ ղեկավարները որոշում ընդունեն Ուկրաինային թեկնածուի կարգավիճակ տալու մասին։ Էստոնիան ընդգծել է Ուկրաինային հույս ներշնչելու անհրաժեշտությունը։
Գերմանիան հայտարարել է, որ արդյունքը կարող է լինել թեկնածուի պայմանական կարգավիճակը։
Դանիան, ըստ Bloomberg-ի, հայտարարել է, որ Ուկրաինան բավականաչափ չի համապատասխանում այն չափորոշիչներին, որոնք կապված են դեմոկրատիան, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, փոքրամասնությունների հարգանքն ու պաշտպանությունը երաշխավորող ինստիտուտների կայունության հետ։ Կիեւը պետք է «բարելավի իր օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բազան»՝ առաջընթացի հասնելու համար այս ուղղություններով։
Կոպենհագենում կարծում են, որ Ուկրաինան գտնվում է ԵՄ-ին անդամակցության «ընդհանուր առմամբ շատ վաղ փուլում»։
Թեկնածուի կարգավիճակը, եթե այն տրամադրվի, պաշտոնապես նշանակում է ԵՄ-ին անդամության գործընթացի մեկնարկ։ Խորվաթիան վերջին երկիրն է, որը միացել է ԵՄ-ին, եւ այդ գործընթացը տեւել է 10 տարի, մինչեւ որ պաշտոնապես ընդունվել է ԵՄ 2013թ.։