Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերականգնել լիարժեք համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ
Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերականգնել լիարժեք համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ եւ կիրառել մշտադիտարկման ու ստուգման միջոցներն իր միջուկային ծրագրի հետ կապված։
Ինչպես նշվել է երեք երկրների համատեղ հայտարարությունում, 2022թ. մարտից քննարկվում է կենսունակ համաձայնագիր, «որը Իրանին կվերադարձներ Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իր պարտավորությունների կատարմանը, իսկ ԱՄՆ-ին՝ գործարքին»։
«Մենք ափսոսանք ենք հայտնում, որ Իրանը չի օգտվել այդ գործարքը կնքելու դիվանագիտական հնարավորությունից։ Մենք համառորեն կոչ ենք անում դա անել այժմ։ Մենք պատրաստ ենք գործարք կնքել»,- ընդգծել են Բեռլինում, Փարիզում եւ Լոնդոնում։
«Մենք կոչ ենք անում Իրանին վերականգնել Լրացուցիչ արձանագրության եւ ԳՀՀԾ-ի հետ կապված մշտադիտարկման ու ստուգման բոլոր միջոցների կիրառումը, դադարեցնել միջուկային սրացումն ու արագ ընդունել քննարկվող գործարքը ԳՀՀԾ-ի վերականգնման վերաբերյալ, քանի դեռ դա հնարավոր է»։
Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ Թեհրանը չի կարողացել պատշաճ արձագանքել ԱԷՄԳ-ի մտահոգությանը Իրանի միջուկային ծրագրի հետ կապված։ Պետդեպարտմենտի ղեկավարի կարծիքով՝ Իրանի գործողություններն ընդամենը դժվարացնում են ԳՀՀԾ-ի վերականգնումը։ Ընդ որում՝ Բլինքենն ընդգծել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում ԳՀՀԾ-ն վերականգնելու խնդրին եւ պատրաստ է «ճնշում գործադրել Թեհրանի վրա, որպեսզի ստիպի նրան ընտրել դիվանագիտության եւ սրացումը թուլացնելու ուղին»։
Հունիսի 8-ին ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհուրդը հավանություն է տվել այն բանաձեւին, որը քննադատում է Թեհրանին իր միջուկային ծրագրի մասին անբավարար տեղեկատվության համար։ Խորհրդի 30 անդամ հավանություն է տվել բանաձեւին, Ռուսաստանը եւ Չինաստանը դեմ են քվեարկել։ Հնդկաստանը, Լիբիան եւ Պակիստանը ձեռնպահ են մնացել, տեղեկացրել է DW-ն։
Դրանից հետո ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին տեղեկացրել է, որ Իրանի իշխանությունները սկսել են գործակալության 27 տեսախցիկների ապամոնտաժումը, որոնք օգտագործվել են իրանական միջուկային օբյեկտների մշտադիտարկման համար։