Նուռնուսի «Արձագանք» քանդակի հարակից տարածքը հանրության գերակա շահ ճանաչվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 9-ի նիստում որոշեց «ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի «Արձագանք» քանդակի հարակից տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել:
Հիմնավորման համաձայն՝ «Արձագանք» քանդակի վերականգնման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ հուշարձանի և դրան հարակից տարածքները՝ շուրջ 5000 քմ մակերեսով, հանդիսանում են քաղաքացու սեփականություն: Որոշման ընդունմամբ կկարգավորվեն և կհաստատվեն հուշարձանի նկատմամբ պետության, պետական լիազոր մարմնի իրավասությունները, կհստակեցվի պետական մարմինների գործառույթների շրջանակը, ծրագրվող և իրականացվող աշխատանքների ու միջոցառումների կազմակերպման անխոչընդոտ ապահովումը, հուշարձանի օգտագործման և պահպանության ՀՀ օրենսդրությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը:
Բացի այդ, կլուծվեն հուշարձանի տարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության և Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձանը ընդգրկելու օրենսդրությամբ սահմանված հարցերը: