Ապագայում ԵԱՏՄ կարող են մտնել նախկին ԽՍՀՄ-ից դուրս երկրները․ Օվերչուկ
Ապագայում նախկին ԽՍՀՄ-ից դուրս երկրները կարող են մտնել ԵԱՏՄ։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ճնշումն ուղղված է նրան, որ ռուսական տնտեսությունը թուլանա, եւ պատժամիջոցների հեղինակներն ակնկալում են, որ այդ միջոցները պետք է վախեցնեն ԵԱՏՄ անդամ երկրներին Ռուսաստանի հետ համագործակցությունից, խզեն մեր կապերը, դա կնշանակի, որ Եվրասիական տարածաշրջանը տնտեսական ինտեգրման միջոցով չի կարողանա գործել որպես ինքնուրույն սուբյեկտ»,- ասել է Օվերչուկը։
Օվերչուկը նշել է, որ նախկինում ամբողջ տնտեսությունը կառուցվում էր հիմնականում Եվրոպայի հետ կապերի վրա, եւ Ռուսաստանը դժվարություններ է ապրում՝ կապված վերջին տասնամյակների ընթացքում ձեւավորված լոգիստիկ շղթաների խափանման հետ. «Բայց մենք աշխատում ենք նոր լոգիստիկ կապեր ստեղծելու ուղղությամբ։ Զուգահեռ ներմուծում ենք թույլ տվել։ Իհարկե, այսօր որոնվում եւ կապեր են հաստատում նոր առեւտրային գործընկերների հետ առաջին հերթին այն երկրներում, որոնք թշնամական չեն Ռուսաստանի նկատմամբ։ Առանձնահատուկ նշանակություն կունենա «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը, Ղազախստանի հետ համագործակցության մեծ դաշտ կա»։
Միաժամանակ փոխվարչապետը նշել է, որ Ռուսաստանի տնտեսությունը շարունակում է աճել՝ ի հեճուկս առկա պատժամիջոցների ճնշմանը՝ վերջին չորս ամիսների ընթացքում աճը կազմել է մոտ 1,7 տոկոս։ «Մայիսին գնաճը գործնականում կանգ է առել, մայիսի վերջին շաբաթը դրա մակարդակը 0 է կազմել, անցած շաբաթ մենք մտել ենք դեֆլյացիա»,- ասել է նա։
Օվերչուկի խոսքով՝ նախագահ Պուտինի, կառավարության եւ «Ռուսաստանի բանկ»-ի ձեռնարկած միջոցների շնորհիվ Ռուսաստանի Դաշնության դեմ տնտեսական պատերազմը չի ընթացել այն սանձազերծողների պլանով։