ԱՀԿ-ն հայտարարել է ոչ էնդեմիկ երկրներում կապիկի ծաղկի հետագա տարածման վտանգի մասին
Քանի որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում գրեթե մոտ 30 երկիր հաստատել է կապիկի ծաղկով վարակման դեպքերի մասին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ առկա է ոչ էնդեմիկ երկրներում հիվանդության տարածման վտանգ, տեղեկացրել է UPI-ն։
Չորեքշաբթի օրվա մամուլի ասուլիսում նա տեղեկացրել է նաեւ, որ 29 երկիր հաղորդել է մայիսի սկզբից վիրուսով վարակման ավելի քան 1000 դեպքի մասին։
«Վտանգը, որ կապիկի ծաղիկը կտարածվի ոչ էնդեմիկ երկրներում, իրական է։ ԱՀԿ-ն հատկապես անհանգստացած է այդ վիրուսի վտանգավորությամբ բնակչության խոցելի խմբերի համար, ներառյալ երեխաներն ու հղի կանայք»,- ընդգծել է կազմակերպության ղեկավարը։
Կապիկի ծաղիկը հազվադեպ հիվանդություն է, էնդեմիկ Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայի որոշ շրջանների համար, առաջին անգամ մարդկանց մոտ հայտնաբերվել է 1970թ.։ Այդ ժամանակվանից մի քանի բռնկում է եղել ոչ էնդեմիկ երկրներում, իսկ առաջինը գրանցվել է 2003թ., երբ ԱՄՆ-ում հայտնաբերվել էր այդ վիրուսով վարակման ավելի քան 70 դեպք։
Վերջին բռնկման առաջին դեպքը գրանցվել է Մեծ Բրիտանիայում մայիսի սկզբին, վերջին շրջանում Նիգերիա ճամփորդած պացիենտի մոտ։
Վերջին բռնկման ժամանակ վարակվածների մեծ մասը ոչ ավանդական կողմնորոշման տղամարդիկ էին, բայց ԱՀԿ-ի տնօրենը նշել է, որ որոշ երկրներ սկսել են տեղեկացնել վիրուսի տարածման մասին, որոնց տեղն անհայտ էր, ընդ որում՝ վարակվել էին նաեւ կանայք։
Հիվանդության հանկարծակի եւ անսպասելի առաջացումը ոչ էնդեմիկ երկրներում ենթադրում է նաեւ, որ այն կարող էր տարածվել աննկատ, որոշ ժամանակվա ընթացքում, ավելացրել է նա։
Վիրուսի տարածումը կանխելու համար ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը երկրներին, որոնցում տեղի է ունեցել բռնկումը, կոչ է արել պարզել հիվանության բոլոր դեպքերը եւ շփումները՝ դրա հետագա տարածումը թույլ չտալու համար։
Այդ երկրներին օգնելու համար ԱՀԿ-ն թողարկել է համաճարակաբանական վերահսկման հրահանգներ, իսկ առաջիկա օրերին կթողարկի կլինիկական օգնության, վարակի կանխարգելման եւ դրա դեմ պայքարի, բնակչության պատվաստման եւ պաշտպանության մասին հրահանգներ, ասել է նա։
Ծաղկի դեմ պատվաստանյութերն ապացուցել են իրենց արդյունավետությունն այդ վարակի դեմ պայքարում, բայց դրանց մատակարարումը սահմանափակ է։