Ստամբուլում հայուհու սպանության գործով դատավարություն. դեպքի վայրից հայտնաբերվել են 3-րդ անձի արյան հետքեր
Ստամբուլում վերսկսվել է Սամաթիայի տարեց հայուհու' Մարիցա Քյուչյուքի սպանության գործով դատավարությունը: Օրեր առաջ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ մեղադրյալ Մուրադ Նազարյանը հերթական ցուցմունքը տվեց' նշելով, որ ինքը չի իրագործել հանցագործությունը, բայց սպանության պահին եղել է դեպքի վայրում: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Ըստ թուրքական «Միլլիյեթ» պարբերականի' Քյուչյուքի սպանության վերաբերյալ դատավարությունում կա ևս մեկ զարգացում: Մասնավորապես, Նազարյաի փաստաբանը' Էրեն Քեսքինը, պնդում է, որ դեպքի վայրի զննության արդյունքում հայտնաբերվել է 3-րդ անձի արյան հետքեր: Արյան անալիզից պարզվել է, որ այն կնոջ արյուն է, սակայն անձի ինքնությունը դեռևս պարզված չէ:
Միևնույն ժամանակ հետաքննությունը վարող իրավապահ մարմինները պնդում են, որ արյան հետքը հայտնաբերվել է ոչ թե զոհի բնակարանից, այլ' շենքի դռնապանի սենյակից, և պատկանում է այդ սենյակում ապրող մի կնոջ:
Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին և 2013 թ.-ի հունվարին Ստամբուլի Սամաթիա թաղամասում հարձակման էին ենթարկվել 4 տարեց հայ կանայք, որոնցից 84-ամյա Մարիցա Քյուչուքը դաժանորեն սպանվել էր սեփական տանը: