Հայկական գենոֆոնդը կայուն է առնվազն 6000 տարի․ Լևոն Եպիսկոպոսյան
«Հայկական գենոֆոնդի տարբեր հիմնաշերտերի վերհանումը» թեմայով դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում նոր սարքավորված լաբորատորիա կստեղծվի, որտեղ կիրականացվի սպիտակուցի անջատում պեղումների ժամանակ հայտնաբերված չնույնականացված ոսկրային նմուշներից։ Հետագայում ծրագրվում է յուրացնել նաեւ հնագույն ԴՆԹ-ի անջատման փուլը։
Ինչ վերաբերում է բուն գենետիկական հետազոտությանը, ապա ըստ ծրագրի ղեկավար Լեւոն Եպիսկոպոսյանի, այն կիրականացվի արտերկրում, Դուբլինի համալսարանի համապատասխան լաբորատորիայում։ Հետազոտության համար անհրաժեշտ սարքավորումը թանկ է եւ Հայաստանում ունենալը դեռեւս ոչ նպատակահարմար․ մեր ուսումնասիրման նյութը քիչ է՝ սարքավորումը ողջ ծավալով աշխատացնելու տեսանկյունից, բայց այն մեծ արժեք ունի արտասահմանյան գործընկերների համար եվրոպական քաղաքակրթության նախապատմական փուլերն ուսումնասիրելու գործում։
«Մեր նյութը շատ հրապուրիչ է նրանց համար։ Մենք ապրում ենք այն տարածաշրջանում, որտեղից սկսվել է ժամանակակից քաղաքակրթությունների զարգացումը։ Այստեղից Եվրասիայի անծայրածիր տարածքներ է դուրս եկելմարդ բանականը, որը նեոլիթյան դարաշրջանից Եվրոպայում տարածել է հնդեվրոպական լեզուն։ Կարելի է ասել, որ մենք տուն պահող ավագ որդիներն ենք, իսկ եվրոպացիների նախնիները այստեղից գաղթել են տարբեր ուղղություններով», - նշեց գիտնականը։
Ինչպես ներկայացրեց Լեւոն Եպիսկոպոսյանը, հայկական գենոֆոնդի հետազոտման աշխատանքները սկսվել են դեռ 25 տարի առաջ, երբ համագործակցության հնարավորություն ստեղծվեց այդ ոլորտի առաջատար միջազգային կենտրոնների հետ, մասնավորապես՝ Լոնդոնի համալսարանական քոլեջի TCGA (The Center of Genetic Antropology) Գենետիկական մարդաբանության կենտրոնի հետ։
Առաջինը, ինչ ցույց տվեցին համատեղ հետազոտությունները․ հայկական գենոֆոնդը բավականին հին է, այն մոտ 5000-6000 տարեկան է։ Սա շատ կարեւոր հայտնագործություն է հայերի ծագումնաբանության ուսումնասիրման տեսանկյունից։
«Բացատրեմ։ Մի բազմություն սկսում է առանձնանալ եւ ձեւավորվել որպես ժողովուրդ, երբ այն մեկուսանում է, եւ քիչ է շփվում ուրիշների հետ, խոսում է մի լեզվով, որով ուրիշները չեն խոսում։ Քանի որ ուրիշների հետ ամուսնությունները զանգվածային բնույթչեն կրում, բազմացումը տեղի է ունենում միայն այդ խմբի ներսում, ապա անընդհատ տեղի ունեցող գենետիկական փոփոխությունները, որոնք մուտացիաներ են կոչվում, կուտակվում են միայն այդ բազմության տիրույթում։ Եվ եթե դա տեղի է ունենում դարեր, հազարամյակներ շարունակ, ապա կուտակված մուտացիաների հիման վրա կարելի է ստանալ այդ պոպուլյացիային բնորոշ գենետիկական նկարագիրը եւ դրա հիման վրա նույնականացնել դրա ներկայացուցիչներին։
Մենք մեր հարեւաններից սկսում ենք տարբերվել ոչ թե յուրահատուկ,այսպես կոչված, «հայու» գենի, այլ մեր գենոֆոնդին հատուկ մուտացիաներիպատճառով։ Այդ գենետիկական բնութագրիչների, մարկերների շնորհիվ մենք տալիս ենք շատ հարցերի պատասխաններ հայ ժողովրդի ծագումնաբանության վերաբերյալ», - ասաց նա։
Գիտնականը հավելեց, որ գենետիկական հետազոտությունը ազգի ծագումնաբանության եւ պատմության ուսումնասիրման գործիքներից միայն մեկն է։ Ամբողջական պատկեր ստանալու համար պետք է համադրել հնագետների, պատմաբանների, լեզվաբանների, հնամարդաբանների, մշակութաբանների եւ այլն տվյալները։ Այսիքին, պահանջվում է միջգիտակարգային մոտեցում։
Լեւոն Եպիսկոպոսյանի եւ նրա գործընկերների երկրորդ կարեւոր եզրակացությունն այն էր, որ այդ ողջ ժամանակահատվածում հայկական գենոֆոնդը գործնականորեն փոփոխություն չի կրել, ի տարբերություն տարածաշրջանի այլ ժողովուրդների։
«Չնայած Հայաստանը եղել է խաչմերուկ, տարբեր զավթիչների արշավանքների է ենթարկվել, բայց, այնուամենայնիվ, մենք կարողացել ենք պահպանել եւ պաշտպանել մեր գենետիկական ինքնությունը։ Այսինքն, մենք չենք ունեցել նրանց հետ գենետիկական շփումներ։
Ոմանք կարող են ասել, որ դա անհնար է։ Պարզ է, որ երբ այստեղ զավթիչ է մտել, եւ՛ պղծել է, եւ՛ բռնաբարել է, եւ՛ այլն։ Բայց, քանի որ մենք այսօր այդ հետքերը չենք գտնում, ուրեմն, գործել է ինչ-որ մեխանիզմ, որը դա մաքրել է, զտել է մեր գենոֆոնդը», - ասաց նա։
Գիտնականի խոսքով, դա կարող է մի քանի բացատրություն ունենալ։ Առաջինը՝ խառնամուսնությունները հայկական հասարակությունում չէին խրախուսվում։ Անշուշտ, դա չի վերաբերել արքայական կամ իշխանական ընտանիքներին, քանի որ այդ ընտանիքներում ամուսնությունները կատարվում էին քաղաքական նպատակով։ Բայց այդ ընտանիքներն ազգի շատ չնչին քանակն էին կազմում։ Երկրորդ, վկայություններ կան, որ հայ կանայք ինքսպանությունն անպատվությունից գերադասելի էին համարում։
«Տատիկս պատմում էր, որ Գարդման գավառում, եթե կինը հղիանում էր թաթարից, նա ուներ երկու ելք՝ կամ ազատվելու այդ պտղից, կամ ծննդաբերելու մեծ քաղաքում, որտեղ երեխան արդեն որպես հայ չէր մեծանում։ Այսինքն, գործել են մեխանիզմներ, որոնք ունեն ոչ թե գենետիկական, այլ՝ սոցիալական, մշակութաբանական, ինքնությունը պահպանելու հիմք», - ասաց Լեւոն Եպիսկոպոսյանը։
Հնագիտությունից մեզ հայտնի է, որ Հայաստանի տարածքում հնագույն ժամանակներում տեղի է ունեցել մի շարքմշակույթների փոփոխություն։ Պատմաբաններն այդ փոփոխությունները բացատրում են օտարների ներխուժմամբ, նրանց կողմից տարածքի զավթմամբ։ Օրինակ՝ կուր-արաքսյան մշակույթի թռեղք-վանաձորյան մշակույթով փոխարինումը (մթա 2500-2400թթ): Կարո՞ղ են գենետիկական հետազոտությունները պատասխանել հետեւյալ հարցին․ եղե՞լ է արդյոք ներխուժում, եւ ի՞նչ ճակատագիր է ունեցել բնիկ ժողովուրդը։
Ինչպես պարզաբանեց գիտնականը, այդ հարցի սպառիչ պատասխանը մենք կստանանք մի քանի տարուց։
«Կարող եմ ասել, որ նախնական պատասխանն արդեն կա, բայց այն պետք է ստուգվի։ Մեր այսօրվա արդյունքներով մեր գենոֆոնդը կայուն է առնվազն 6000 տարի։ Սրանից մոտ 3000 տարի առաջ ինչ-որ ազդեցություն եղել է, որն էլի եղել է մեր տարածաշրջանից՝ Մերձավոր Արեւելքից, բայց, այնուամենայնիվ, մեր գենոֆոնդը 70-80 տոկոսով պահպանվել է անփոփոխ։
Մասնագետները հետաքրքիր մի բան են նշում․ երբ մեր տարածաշրջանում Ա մշակույթը փոխարինվում է Բ մշակույթով, այդ Բ մշակույթի զարգացման փուլերը մեզ մոտ չեն նկատվում։ Այսինքն, այդ Բ մշակույթը այստեղ չի զարգացել։ Այսօր հնագետների եւ մշակութաբանների շրջանում կա համոզմունք, որ այդ մշակույթը կամ ավանդույթը, ինչպես իրենք են ասում, բերվել է դրսից արդեն ավարտական ձեւով», - ասաց գիտնականը․
Ինչ վերաբերում է ներխուժմանը, ապա, ըստ Լեւոն Եպիսկոպոսյանի մշակույթը անպայման չէ որ ստվար զանգվածներով բերվի։ Դա կարող են անել քիչ քանակությամբ մարդիկ՝ այդ մշակույթը որպես «նորաձեւություն» ներմուծելով։ «Պատմության մեջ շատ քիչ է եղել, ուղղակի մատների վրա կարելի է հաշվել, որ զանգվածը եկել է, եւ գրավել է այլ տարածք, եւ համարյա հետքեր չեն մնացել նախորդ բնակչությունից։ Մեր տարածաշրջանում տեսնում ենք, որ այդպիսի բան տեղի չի ունեցել։ Այսինքն, այսօր ես եւ իմ գործընկերները հակված ենք նրան, որ բնակչությունը եղել է կայուն, բայց ներմուծվել է նոր մշակույթ, նոր ավանդույթ փոքրաթիվ զանգվածների միջոցով», - ասաց նա։
Խոսելով այն մասին, թե ինչ դժվարությունների են հանդիպում այս հետազոտության ընթացքում, Լեւոն Եպիսկոպոսյանը նշեց, որ ժամանակակից Հայաստանը զբաղեցնում է հայերի բնակության պատմական արեալի ընդամենը 10 տոկոսը, ինչը լրջորեն սահմանափակում է գիտնականների հնարավորությունները։
«Պատմական Հայաստանի 90 տոկոսը մեր պետական սահմաններից դուրս է, եւ այդ դուրսը մեծ մասամբ «թշնամական դուրս է», այնտեղ ո՛չ մարդաբանական աշխատանք կարող ենք կատարել, ո՛չ՝ գենետիկական, ո՛չ՝ հնագիտական, ո՛չ էլ արխիվներում կարող ենք աշխատել։ Բայց Աստված, բոլոր դռները փակելով, մի պատուհան թողել է։ Պատուհանը դա հենց գենետիկան է։ Այսինքն, մենք ունենք նաեւ մեր պատմությունը գրված մեր ԴՆԹ-ում, մեր գենոմում», - ասաց նա։
Սակայն բարդությունը միայն այն չէ, որ հայ գիտնականները չեն կարող պեղումներ իրականացնել, ասենք, Թուրքիայի տարածքում։ Եղեռնի եւ հայերի՝ աշխարհով մեկ սփռվելու պատճառով, շատ դժվար է գտնել մարդկանց, որոնց եւ՛ մայրական, եւ՛ հայրական գծով նախնիները պատմական Հայաստանի նույն շրջանից են եղել։ Իսկ նոր ուսումնասիրության համար այժմ անհրաժեշտ է առնվազն 250 այդպիսի դոնոր։ Այդ հարցում շատ է օգնում Արցախը, որտեղ հայ բնակչությունը կայուն է եղել դարեր շարունակ։ Արտահոսք եղել է, Արցախը միշտ հանդիսացել է դոնոր Հայաստանի եւ հարեւան երկրների համար, բայց ներհոսք կամ այլ էթնիկական խմբերի հետ միախառնում չի եղել։
Ժամանակակից դոնորների գենոմի վերծանումից հետո այն պետք է համեմատել Հայաստանի հնագույն բնակիչների գենոմների հետ։ Այդ նմուշները վերցնում են պեղումների ժամանակ գտնված մարդու ոսկորներից։
«Բայց պեղումները, ցավոք, մենք կարողանում ենք կատարել միայն ներկայիս Հայաստանի տարածքում։ Մի 20 տարի պեղել ենք Արցախում, այսօր, կարծում եմ, ժամանակավոր այդ գործընթացը կանգնած է։ Բայց մենք հաստատ շարունակելու ենք, քանի որ Արցախը չափազանց հարուստ է մեր հնավայրերով եւ դամբարաններով», - համոզմունք հայտնեց գիտնականը։
Ըստ նրա, հնագետների հետ սերտ համագործակցությամբ գենետիկները կարողանում են պատասխանել հետեւյալ հարցերին․ «Ո՞վ է այստեղ ապրել սկսած նեոլիթյան ժամանակաշրջանից, 8 հազար տարի առաջ»։
«Այդ մարդու ոսկրի, ԴՆԹ-ի մեջ չկա գրած, որ նա հայ է։ Բայց այնտեղ դրոշմված է հետեւյալը․ արդյոք նա մեր տատն է կամ պապը։ Եվ սրանից 5 տարի առաջ մենք պատասխանեցինք այդ հարցին մայրական գծով․8000 տարի առաջ այստեղ ապրել են մեր կենսաբանական նախամայրերը։ Անշուշտ, այդ նախամայրերը հայ չեն եղել, քանի որ այն ժամանակ չէին կարող ունենալ հայկական գիտակցություն եւ խոսել հայերեն», - պարզաբանեց գիտնականը։
Համենայն դեպս, նշեց նա, այսօր գենետիկան ոչ բոլոր հարցերի պատասխաններն է կարող տալ։ Այդ պատճառով հայ գիտնականները դոնորների գենետիկական բանկ են ստեղծում՝ հետազոտությունները հետագակում շարունակելու նպատակով։ Դա արվում է երկու պատճառով․ առաջին՝ գենետիկների հաջորդ սերունդներին շատ ավելի դժվար կլինի գտնել մարդկանց, որոնց բոլոր նախնիները մի շրջանից են եղել, երկրորդ՝ կստեղծվի ավելի զգայուն սարքավորում եւ կենսաչափական ու վիճակագրական անալիզի ավելի հզոր մեթոդներ կմշակվեն, ինչի շնորհիվ հնարավոր կլինի այդ նմուշներից ավելի շատ տեղեկատվություն քաղել։
Ինչ վերաբերում է մեր հարեւաններին, ապա Լեւոն Եպիսկոպոսյանը քանիցս փորձել է կապեր հաստատել թուրք գործընկերների հետ, բայց հասկացել է, որ փորձերն անիմաստ են։ Այդ ոլորտը Թուրքիայում չափազանց քաղաքականացված է։
Այսպես, մի թուրք գիտնական նրան պատմել է, որ խնդիրներ ունի ղեկավարների հետ, քանի որ իր ասպիրանտը ատենախոսության մեջ ցույց է տվել, որ թուրքերի գենոֆոնդի ընդամենը 15 տոկոսն է թյուրքական։ Մնացածը՝ բնիկ ժողովուրդների՝ հայերի եւ հույների գենետիկական ժառանգությունն է։
Ադրբեջանում վիճակն էլ ավելի տխուր է․ այստեղ գենետիկական ուսումնասիրություններ համարյա չեն իրականացվում։ Դեպք է եղել, երբ Ադրբեջանից մի կին գիտնական թալիշների վերաբերյալ թեզ է պաշտպանել Մոսկվայում, եւ իր ուսումնասիրությունները փաստել են, որ թալիշները գենետիկորեն ավելի մոտ են հայերին, քան՝ ադրբեջանցիներին։ Դրանից հետո կինը սկսեց սպառնալիքներ ստանալ եւ ստիպված քաղաքական ապաստարան խնդրեց եվրոպական երկրներից մեկում։
Նշենք, որ «Հայկական գենոֆոնդի տարբեր հիմնաշերտերի վերհանումը» հետազոտությունը իրականացվում է ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի առաջատար հետազոտությունների աջակցության ծրագրի շրջանակում։ Խոսելով այս ծրագրի մասին, Լեւոն Եպիսկոպոսյանը ընդգծեց դրա նշանակությունը երիտասարդ գիտնականների պատրաստման, ավագ սերնդից կրտսեր սերնդին գիտելիքի փոխանցման հարցում։