Բանվորի արձանն ապամոնտաժումից 25 տարի անց ցուցադրվում է ազգային պատկերասրահում
Խորհրդային Երեւանի խորհրդանիշ թուջե հսկան՝ Բանվորի արձանը, իր ապամոնտաժումից եւ առեղծվածային անհետացումից 25 տարի անց Հայաստանի ազգային պատկերասրահում է։ 1982 թվականից Երեւանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում կանգնեցված արձանն ապամոնտաժվել է 1997 թվականի մի գիշեր՝ ժամանակի քաղաքային իշխանությունների որոշմամբ՝ առանց հեղինակի՝ քանդակագործ Արա Հարությունյանի իմացության։
«Առավոտյան է միայն քանդակագործն իմանում, որ իր ստեղծագործությունն այլեւս գոյություն չունի, ինչը շատ վատ է անդրադառնում իր առողջական վիճակի վրա, եւ առայսօր ընտանիքը ու արվեստասեր հասարակությունը, որը հասկանում եւ գնահատում էր արձանի նշանակությունը, շատ ցավով են խոսում այս մասին»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հայաստանի ազգային պատկերասրահի Քանդակի բաժնի վարիչ, ցուցահանդեսի համադրող Մարիամ Դավթյանը։
Ապամոնտաժումից հետ յոթ տարի շարունակ արձանի գտնվելու վայրը եղել է անհայտ։ 2004 թվականին փնտրտուքների արդյունքում կամավորները Շենգավիթի գործարաններից մեկում գտնել են մասնատված արձանից մի քանի հատված՝ գլուխը, ձեռքը, իրանի մի կտոր եւ կոշիկը։ Դրանից հետո այդ հատվածները տեղափոխվել են մասնավոր տարածք, իսկ օրեր առաջ արձանի գլուխը եւ ձեռքը՝ Ազգային պատկերասրահ։
Արձանի նախնական անունը եղել է «Փառք աշխատանքին»։ Հետագայում է ժողովուրդը նրան տվել է Բանվորի արձան անվանումը։
Ցուցահանդեսի համադրող Մարիամ Դավթյանի խոսքով՝ թեպետ արձանը խորհրդանշում է հայ աշխատավորին, սակայն հեղինակը թաքնված իմաստ է դրել արձանի մեջ, որը սովետական ժամանակներում համար բացահայտ ցույց տալը դժվար կլիներ։
«Հեղինակն իր արձանի մասին խոսելիս շատ հաճախ նշել է, որ ես պատկերել եմ աշխատավոր հայ մարդուն, որը քայլում է դեմքը դեպի Արարատը հառած եւ քայլում է դեպի Արարատ։ Սա ազգային սիմվոլ է եղել»,- նշեց նա։
Արձանը տեսած շատ քաղաքացիների մոտ միշտ տպավորություն է եղել, թե նրա աջ ձեռքում աշխատավորի մուրճն է՝ մինչդեռ այն միայն դատարկ բռունցք է։
«Ինչ-որ խոսակցություններ են եղել, որ ձեռքին անգամ կա «Правда» թերթը, բայց իրականում ոչինչ չի եղել ձեռքում։ Դա խոսում է հեղինակի ստեղծած կատարյալ գաղափարի մասին։ Այսինքն՝ այնքան դինամիզմ եւ ուժի պոռթկում կա, որ թվում է, թե այդ բարձրացրած բռունցքը հենց հիմա կհարվածի»,- ասաց Մարիամ Դավթյանը։
Արձանը մինչեւ ամառվա մեջ կմնա պատկերասրահում՝ ժամանակավոր ցուցադրության համար։ Թե ինչ ապագա կունենա Բանվորի արձանը, դեռ հայտնի չէ։