Լավրովը գնահատել է Պուտինի և Զելենսկու հանդիպման հեռանկարները
Անհրաժեշտ է սկզբում վերսկսել ռուսական եւ ուկրաինական բանակցային թիմերի աշխատանքը, եւ այս համատեքստում գնդակը Կիեւի դաշտում է, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման հեռանկարները, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Զելենսկին ցանկանում է հանդիպում հանուն հանդիպման։ Նա շաբաթվա մեջ յոթ ուրբաթ ունի... Ելնում ենք այն բանից, որ սկզբում հարկավոր է, որպեսզի բանակցային թիմերը վերսկսեն աշխատանքը, գնդակն ուկրաինացիների կողմում է արդեն մոտ երկու ամիս»,- լրագրողներին ասել է Լավրովը թուրք գործընկերոջ՝ Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո։
Լավրովը նաեւ ավելացրել է, որ պայմանավորվածությունների նախագծի հերթական տարբերակի ռուսական կողմի տեսլականը Կիեւին է հանձնվել ապրիլի կեսին։ «Այդ ժամանակվանից ոչ մի հակառակ արձագանք մենք չենք ստացել»,- ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։