Ճապոնիայի եւ ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովում
Երկուշաբթի Ճապոնիայի եւ ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի նավերը չորս տարվա ընթացքում առաջին անգամ համատեղ վարժանքներ են անցկացրել։ Դրանք տեղի են ունեցել Միջերկրական ծովում, ավելի կոնկրետ տարածք չի նշվում, հաղորդում է Asahi թերթը՝ վկայակոչելով ռազմական հրամանատարությանը։
Զորավարժություններին մասնակցել են ճապոնական ռազմածովային ուժերի երկու ռազմաուսումնական նավեր եւ Իտալիայի ու Թուրքիայի մեկական հածանավ։
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը, նշում է թերթը, վճռական է ՆԱՏՕ-ի հետ գործնական համագործակցության ակտիվացման հարցում՝ ներառյալ ավելի կանոնավոր համատեղ զորավարժությունները։ Տոկիոն, ըստ այդ տվյալների, ակնկալում է նաեւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ավելի լայն ներկայությունը։
Երեքշաբթի օրը Տոկիոյում ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, Նիդեռլանդների ռազմածովային ուժերի ծովակալ Ռոբ Բաուերը բանակցություններ է վարել Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի շտաբներիի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Կոձի Յամաձակիի եւ պաշտպանության նախարար Նոբուո Կիսիի հետ։ Դրանցում, մասնավորապես, խոսք է եղել նաեւ ավելի հաճախ համատեղ զորավարժություններ անցկացնելու եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Տոկիոյի համագործակցութան այլ ձեւերի մասին։