Թուրքիան Շվեդիային եւ Ֆինլանդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու 10 պայման է առաջադրել
Անկարան Ստոկհոլմին եւ Հելսինկիին 10 պայման է առաջադրել, որոնց կատարումը կարող է դրդել Թուրքիայի իշխանություններին՝ վերանայել վերաբերմունքը ՆԱՏՕ-ին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությանը։ Այս մասին չորեքշաբթի տեղեկացրել է Yeni Safak թերթը։
Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչներին պահանջների փաթեթը ներկայացվել է մայիսի 25-ին Անկարայում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում։ Մասնավորապես, ինչպես տեղեկացրել է պարբերականը, երկու երկրները պետք է հայտարարեն, որ աջակցում են Անկարային ահաբեկչական կազմակերպություններին դիմակայելու հարցում եւ ընդունեն համապատասխան օրենսդրական փաստաթղթեր։ Շվեդիան եւ Ֆինլանդիան պետք է իրենց տարածքներում փակեն բոլոր կազմակերպությունները, որոնք կապված են Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ, նրանց պատկանող ակտիվներն ու մեդիա-ռեսուրսները, թույլ չտան դրանց վերաբացումը։ Բացի այդ, Անկարան Ստոկհոլմից եւ Հելսինկիից պահանջում է հանել պաշպանական արտադրանքի էմբարգոն եւ արտահանձնել այն մարդկանց, որոնք կապված են ահաբեկիչների հետ։ Թուրքիայի իշխանություններն առաջարկել են նաեւ, որ երկրների հատուկ ծառայությունների միջեւ համագործակցություն հաստատվի ահաբեկչությանը դիմակայելու հարցերում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ բազմիցս հայտարարել էր, որ Անկարան չի պաշտպանի Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը, քանի դեռ Ստոկհոլմը եւ Հելսինկին չեն կողմնորոշվի ահաբեկչական կազմակերպությունների հարցում։ Անկարան, մասնավորապես, այդպիսին է համարում Քրդստանի աշխատավորական կազմակերպությունը, այսպես կոչված սիրիական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը եւ «ֆեթհուլայականների ահաբեկչական կազմակերպությունը», որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են 2016թ. հեղաշրջման նախապատրաստությանը մասնակցելու մեջ։