Անկարայում մտադիր են Ռուսաստանին համոզել, որ նոր ռազմական գործողությունը Սիրիայում անհրաժեշտ է
Սիրիայի հյուսիսում նոր ռամական գործողության ձգձգումը կարող է կապված լինել այն բանի հետ, որ Անկարան փորձելու է լուծել տարաձայնությունները Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ, որոնք զգուշանում են, որ Թուրքիայի պլանները կարող են վատացնել իրավիճակը տարածաշրջանում եւ լրացուցիչ լարվածություն ստեղծել, չորեքշաբթի տեղեկացրել է Sözcü թերթը։ Իրավիճակը Սիրիայում եւ Թուրքիայի ԶՈւ-ի նոր գործողությունը սահմանակից տարածքում չորեքշաբթի դառնալու է Անկարայում ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ թուրք պաշտոնակից Մեւլութ Չավուշօղլուի բանակցությունների օրակարգի կարեւոր կետերից մեկը, նշել է պարբերականը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 23-ին հայտարարել էր, որ պատրաստ է բանակային գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսային Մանբիջ եւ Թել Ռիֆաթ շրջաններում՝ անվտանգության գոտին 30 կիլոմետրով ընդլայնելու նպատակով, որն ստեղծվել է 2019թ.։ Հունիսի 4-ին նա հայտարարել էր, որ թուրքական բանակը սկսում է մաքրել շրջանը Քրդստանի աշխատավորական կուսակցությունից (ՔԱԿ) եւ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերից» (ԺԻՈւ), որոնց Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություններ։
«Էրդողանն անձամբ է ազդարարել Սիրիայում Թուրքիայի հինգերորդ գործողության մասին, բայց այն մինչ օրս չի սկսվել։ Ընդ որում՝ Անկարայում սկսել են շատ ակտիվ դիվանագիտական թրաֆիկ»,- գրել է թերթը՝ նշելով, որ «նախկին գործողությունների վերջնական նպատակները ձեռք չեն բերվել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի առարկությունների պատճառով»։ «Ըստ երեւույթին, Էրդողանը նոր գործողություն սկսելուց առաջ ցանկանում է համոզել ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին, գոնե ՌԴ-ին, դրա անհրաժեշտության հարցում»,- գրել է Sözcü-ն։ Թերթը չի բացառել, որ հակառակ դեպքում [Էրդողանի] վարչակազմը տարբեր պատրվակներով կարող է հետաձգել [Սիրիայում] հինգերորդ գործողության իրականացումը»։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երեքշաբթի հայտարարել է, որ թուրքական բանակի գործողությունը Սիրիայի հյուսիսում կսկսվի պետք եղած ժամանակ եւ պետք եղած տեղում, եւ այն կարող է չսահմանափակվել Թել Ռիֆաթ եւ Մանբիջ շրջաններով։
Ռազմական աղբյուրների տվյալներով՝ գործողության համար նախատեսվում է գործի դնել մոտ 50 հազար թուրք զինծառայող եւ սիրիական զինված ընդդիմության զինյալներ, որոնք պաշտպանվում են Թուրքիայի կողմից։ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից ավելի վաղ իրականացված գործողությունների հետեւանքով ստեղծվել է անվտանգության գոտի Աազազ եւ Ջերաբլուս քաղաքների միջեւ՝ Հալեպից հյուսիս, օկուպացվել է Աֆրինը, վերահսկողության տակ են վերցվել Եփրատից արեւելք գտնվող սահմանամերձ շրջանները։