Տարօրինակ հանգամանքներում գրանցված մահերի շարան Իրանում. «Ռիբար» թելեգրամ-ալիք
«Քուդս» հատուկ ստորաբաժանման անդամ Սայադ Խոդայիի աղմկալի սպանությունն անսպասելի էր ամբողջ տարածաշրջանի համար, այն տարակուսելու առիթ է տվել Իրանի բնակիչներին՝ իշխանությունների կողմից պատշաճ արձագանքի բացակայության պատճառով։ Իրանի ղեկավարությունը հայտարարել է, որ անպայման հատուցում կլինի, եւ մեղավորները կպատժվեն, գրել է «Ռիբար» թելեգրամ-ալիքը։
Բայց վերջին երկու շաբաթներին ոչ պակաս կարեւոր եւս չորս իրադարձություն է տեղի ունեցել, որոնք համեմատաբար աննկատ են մնացել Իրանում զանգվածային հակակառավարական ցույցերի ֆոնին։
Դիվերսիա Փարչինում մարտագլխիկների արտադրման հետ կապված օբյեկտում
Մայիսի 25-ին Փարչինի համալիրներից մեկում տեղի էր ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով զոհվել էր ինժեներ Էհսան Գադբեյգին։ Պաշտոնական վարկածն այն էր, որ նրա մահն արդյունաբերական միջադեպի հետեւանք է այդ օբյեկտում։
Սակայն իսրայելական ԶԼՄ-ները իրադարձությունների այլ տարբերակ են ներկայացրել. Փարչինից մի քանի կիլոմետր հեռավորությամբ արձակվել է քվադրոքոփթեր՝ ռումբով, որն ուղղվել է դեպի այն շենքերից մեկը, որտեղ գտնվել է Գադբեյգին։
Fars News պետական գործակալությունը հայտարարել է հետաքննություն սկսելու մասին։ Ընդ որում՝ պաշտոնապես նշվել է, որ Էհսան Գադբեյգին «զոհվել է մարտում»։
Ալի Իսմայիլզադեի մահը. ինքնասպանությո՞ւն, թե՞ պատվերով սպանություն
Մայիսի 30-ին զոհվել է «Քուդս» ստորաբաժանման աշխատակից եւ մայիսի 22-ին զոհված Սայադ Խոդայիի գործընկեր, գնդապետ Ալի Իսմայիլզադեն։
Մահվան հանգամանքներն էլ ավելի շատ կասկածների տեղիք են տվել՝ Իրանի իշխանությունների հակասական հայտարարությունների պատճառով։ Իրանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ նա ինքնասպան է եղել՝ նետվելով Քերեջի իր տան տանիքից։ Հետագայում վարկածը փոխվել է, նշվել է, որ նա «ընկել է պատշգամբից»։
Սակայն կառավարությանն ընդդիմադիր ԶԼՄ-ները հայտարարել են, որ նա կարող էր սպանված լինել ԻՀՊԿ-ի անդամների կողմից՝ իսրայելցիներին տվյալներ հանձնելու կասկածանքի պատճառով։ Հենց նրանք էին նպաստել Խոդայիի ծրագրված սպանությանը։
Այուբ Էնթեզարիի թունավորումը
Հունիսի 4-ին տեղեկություն է հայտնվել Յեզդում թեւավոր հրթիռների տուրբինների եւ անօդաչուների արտադրման օբյեկտում աշխատող գիտնականի մահվան մասին։
Իսրայելական Haaretz գործակալության վարկածով՝ նա ընթրիքի էր հրավիրվել ընկերոջ մոտ, որի հետ ծանոթացել էր մեկ ամիս առաջ։ Տուն վերադառնալիս նա վատ է զգացել եւ մեկ-երկու ժամ անց մահացել է։ «Ընկերը», որի մոտ նա եղել էր, նույն գիշեր հեռացել է Իրանից։
Հատկապես հետաքրքիր է Իրանի իշխանությունների պահվածքը նրա մահվան առիթով։ Սկզբում նրանք նշել էին, որ Էնթեզարին սպանվել է։ Սակայն ավելի ուշ պաշտոնական վարկածով նշվել է, որ պատճառը հիվանդությունն էր, որի դեմ պայքարում էր գիտնականը։
Քամրան Մալափուրի մահը
Իսրայելայան ԶԼՄ-ները տեղեկացրել են եւս մեկ՝ միջուկային ոլորտի գիտնական Քամրան Մալափուրի մահվան մասին։
Նրա մահվան հանգամանքները գաղտնի են մնում, բայց նա աշխատում էր Նաթանզի գիտահետազոտական կենտրոնում։
Հատկապես հետաքրքիր է այն, որ նա մահացել է Այուբ Էնթեզարիի մահվան օրը։
Իրավիճակը երկրում վատթարանում է. Իսրայելի եւ հանրապետականների նեղ շրջանակի կողմից պաշտպանվող եւ շարունակվող բողոքներ, Իրանի հրթիռային եւ միջուկային ծրագրերի հետ ուղղակի կամ անուղղակի կապված արդեն 5 մարդու մահ։
Այս ամենն էլ ավելի տարօրինակ է դառնում Իրանի ղեկավարության կեցվածքի պատճառով։ Մինչեւ այժմ որեւէ միջոց չի ձեռնարկվել բողոքների դեմ պայքարի եւ կարեւոր անձանց ու օբյեկտների անվտանգության ապահովման համար։
Երկրի բնակիչներն արդարացիորեն հարց են տալիս. կարո՞ղ է արդյոք կառավարությունը պաշտպանել իր քաղաքացիներին։ Ելնելով այն բանից, որ երկու շաբաթում զոհվել կամ սպանվել է 5 բարձրաստիճան անձ երկրի տարբեր մասերում։
Ընդդիմադիր ԶԼՄ-ները առաջադրում են այն վարկածը, թե Իրանում «վհուկների որս» է սկսվել Խոդայիի սպանության պատճառով։ Եվ Իսլամզադեի մահն առնվազն այդ որսի հետեւանքն է։
Ինչեւէ, իրադրությունն Իրանում օրեցօր էլ ավելի է լարվում։ Իսրայելի իշխանություններն արդեն միաձայն ազդարարում են, որ Իրանի միջուկային ծրագիրը վերջնական փուլում է։
Վերջին օրերի իրադարձություններն իրանցի գիտնականներին հարկադրում են արագացնել զարգացումները երկրի օբյեկտներում։ Որքան Իրանն ավելի մոտ է միջուկային զենքի ստեղծմանը, այնքան ավելի շատ են «տարօրինակ» իրադարձություններ կատարվում Իրանում, որոնց մասին պաշտոնական Թեհրանը փորձում է չտարածվել։