«Սա նույնիսկ զանգով արդարադատություն չի, կնոպկայով արդարադատություն է». Հայկ Մամիջանյան
Ընդդիմադիր պատգամավորների մասնակցությունը դատական բարեփոխումներին վերաբերող այս միջոցառմանը արգելված է, մուտքը միայն հրավիրատոմսերով է: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Գործընկերներիս հետ ցանկություն հայտնեցինք մասնակցել եւ ներկայացնել Հայաստանում դատական իշխանության իրական իրավիճակը։ Խոսել քաղաքական հայացքների համար բանտարկված անձանց մասին, որոցն թիվը տասնյակների է հասնում, ոստիկանական բռնություններից եւ դրա վերաբերյալ դատական իշխանության լռությունից:
Երեւի խնդիրն այն է, որ ՍԴ աշխատակիցները, որոնք այս միջոցառման կազմակերիչն են, ԵԽԽՎ զեկույցներ չեն կարդում, Արարատ Միրզոյանին չեն լսում, տեղյակ չեն, որ մենք ժողովրդավարության բաստիոն ենք: Ընդդիմադիր պատգամավորների մասնակցությունն այս միջոցառմանը արգելված է, մուտքը միայն հրավիրատոմսերով է, որովհետեւ ժողովրդավարության այն փուչիկը, որը ամեն օր տարբեր տեղերում փորձում է փչել Փաշինյանը եւ իր խունտան, հանկարծ կարող է պայթել: Այն վաղ թե ուշ պայթելու է: Իսկ թե ինչ իրավիճակում է դատական իշխանությունը, ինչպես են գործեր կարվում, սա նույնիսկ զանգով արդարադատություն չի, կնոպկայով արդարադատություն է»,-ասաց Մամիջանյանը:
Նշենք, որ «Մարիոթ» հյուրանոցային համալիրում այս պահին մեկնարկել է «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» երկօրյա խորհրդաժողովը:
Ելույթ են ունենալու իշխանությունների սրտի ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանը, միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, Կարեն Անդրեասյանը, ՀՀ իշխանությունների հովանավորը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորին, ԵԽ պաշտոնյաներ, Լիտվայի ՍԴ նախագահը, եւրոպացի այլ պատվիրակներ։
Ներկա են լինելու արեւմտյան դեսպանները, մեծ թվով սորոսականներ, Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը, սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամները, Էդմոն Մարուքյանը, Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վարդանյանը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը եւ այլք, հիմնականում՝ իշխանական դեմքեր։
Ով ասես՝ հրավիրված է, բայց հրավիրված չէ ընդդիմությունը, եւ ամենաուշագրավը՝ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը կամ Փաստաբանների դպրոցի ղեկավար, նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։ Միջոցառումը փակ է լրագրողների համար։