ՆԱՏՕ-ի երկրներին դուր չի գալիս ՀԱՊԿ-ի զարգացումը. Լավրով
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին դուր չի գալիս Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զարգացումը։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «ՀԱՊԿ-ի գծով դաշնակիցները 30 տարի պաշտպանում են հավաքական անվտանգությունը» ֆիլմի համար տված հարցազրույցում, որը հրապարակվել է երեքշաբթի, ՌԴ ԱԳՆ-ի կայքում։
«ՀԱՊԿ-ը զարգանալու է՝ կախված այն պահանջմունքներից, որոնք իրապես առաջ են գալիս գործնական կյանքում։ Բոլորին չէ, որ դուր է գալիս կազմակերպության զարգացումը, այդ թվում դուր չի գալիս ՆԱՏՕ-ի մեր գործընկերներին»,- ասել է նա։
Նախարարը հիշեցրել է, որ սկսած 2000-ականների կեսերից, այդ թվում եւ մասնակից երկրների նախագահների մակարդակով, ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ-ին առաջարկել է խորհրդակցությունների, տեղեկատվության փոխանակման, փոխգործակցության մեխանիզմ ստեղծել Եվրատլանտյան տարածաշրջանում անվտանգության պահպանման այս կամ այն ոլորտում, առաջին հերթին՝ ԵԱՀԿ-ի շրջանակում։
«ՆԱՏՕ-ականները շարունակում են մյուս երկրներին ու կառույցներին մեծամտորեն վերաբերվել, անտեսել են այդ դիմումները։ Այժմ թեժ բանավեճ է սկսվել այն առիթով, թե ինչպես իրականացնել ԵԱՀԿ-ի գագաթաժողովների որոշումները անվտանգության անբաժանելիության ապահովման մասին։ Սա սկզբունքային հարցերից մեկն է, որը մենք առաջադրում ենք։ Անվտանգության անբաժանելիության բանաձեւը, որի տակ դրված են ՆԱՏՕ-ի մեջ մտնող բոլոր երկրների նախագահների եւ կառավարությունների ղեկավարների ստորագրությունները, ի թիվս այլ բաների՝ ենթադրում է ցանկացած երկրի, երկրների խմբի կամ ցանկացած կազմակերպության հրաժարում Եվրատլանտյան տարածաշրջանում գերիշխող դերի հավակնությունից»,- շարունակել է նա։
Լավրովն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն իր կենսագործունեությամբ անում է հենց այն, ինչն արգելված է, եւ ինչը նրա անդամները պարտավորվել են չանել։ «Մենք այս հարցերը տալիս ենք մեր զրուցակիցներին, որովհետեւ, ուրիշների անվտանգության հաշվին որեւէ մեկի անվտանգությունը չամրապնդելու պարտավորությունից զատ, բոլորը պարտավորվել են թույլ չտալ, որպեսզի ինչ-որ կառույց, այս դեպքում՝ ՆԱՏՕ-ն, հավակնի բացառիկության Եվրատլանտիկայում անվտանգության ապահովման իրադարձություններում եւ գործընթացներում։ Սա հենց այնպես չի ասվել. խոստացել են, ստորագրել, իսկ հետո անում են այն, ինչ ցանկանում են։ Ուստի, ՀԱՊԿ-ը պետք է հանդես գա որպես Եվրատլանտիկայում հավասարակշռությունն ապահովող գործոն»,- նշել է նա։
Լավրովը նաեւ վստահություն է հայտնել, որ տարածաշրջանում անվտանգության մասին բանավեճերին եւ նախաձեռնություններին զուգընթաց՝ ՀԱՊԿ-ի հեղինակությունն ավելի ծանրակշիռ կդառնա։
Նախարարի խոսքով՝ ՀԱՊԿ-ը առավելագույն չափով է օգտագործում միջազգային այլ կազմակերպությունների փորձը, այդ թվում խաղաղապահության ոլորտում։
«Կարեւոր է, որ մենք ջանում ենք առավելագույն չափով օգտագործել միջազգային այլ կազմակերպությունների փորձը, այդ թվում խաղաղապահության ոլորտում։ Պայմանավորվածություններ կան ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի միջեւ,- ասել է նա։- Ժամանակին Մոսկվայում եռակողմ համաձայնագիր է ստորագրվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, ԱՊՀ-ի հակաահաբեկչական կենտրոնի եւ ՇՀԿ-ի տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի միջեւ»։
Բացի այդ, Լավրովը նշել է, որ ՀԱՊԿ-ը կապեր է հաստատել միջազգային տարբեր կազմակերպությունների հետ։ «Կայունացել եւ հաստատվել են հարաբերություններ ՄԱԿ-ի, Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի հետ։ Շփումներ կան Իսլամական համագործակցություն կազմակերպության, ԵԱՀԿ-ի հետ։ Կապեր են հաստատվում Աֆրիկյան միության, Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի հետ»,- ավելացրել է նա։
Նախարարի խոսքով՝ ՀԱՊԿ-ի միջազգային հեղինակությունը կազմակերպության ձեռքբերումների եւ նրա գործունակության ընդունման վկայությունն է։
Լավրովն ընդգծել է, որ աշխատանքի ընթացքում ՀԱՊԿ-ը քիչ բանի չի հասել, նախ այն հարցերում, որոնք վերաբերում են կազմակերպության հնարավորությունների օգտագործմանն ամենօրյա խնդիրների լուծման համար։ «Չէ՞ որ, Ղազախստանում տեղի ունեցած ագրեսիայից բացի, կան նաեւ ամենօրյա սպառնալիքներ, որոնք կապված չեն ահաբեկիչների եւ ծայրահեղականների միջպետական հոսքերի հետ. սահմանների ամրապնդման, միգրացիայի, անլեգալ միգրացիայի, որը շատ հաճախ մեզ մոտ դրսեւորվում է ՀԱՊԿ-ի հարավային սահմաններին՝ Կենտրոնական Ասիայի երկրներում, նարկոթրաֆիկի եւ շատ այլ խնդիրների լուծման հարցերը»,- նշել է նա։
Լավրովը նաեւ ուշադրություն է դարձրել այն մեխանիզմների բազմազանությանը, որոնք մշակվում են ՀԱՊԿ-ում՝ ճգնաժամային իրավիճակների առաջացման դեպքում։ «Դրանք նաեւ արագ ծավալման հավաքական ուժերն են, որոնք ստեղծվել են արդեն բավական վաղուց՝ արձագանքելու համար տարբեր սպառնալիքներին Կենտրոնաասիական տարածաշրջանում, կազմակերպության պատասխանատվության գոտում»,- ասել է նա։- Կան նաեւ արագ արձագանքման ուժերը, որոնք ներառում են մեր կազմակերպության բոլոր մասնակիցներից կազմված հատուկ ջոկատների զգալի բաղադրիչը։ Գոյություն ունեն հավաքական խաղաղապահ ուժեր, որոնք ստեղծվել են ՀԱՊԿ-ի մասնակից պետությունների ստորագրած համաձայնագրերի հիման վրա»։