Համաշխարհային բանկն Ուկրաինային լրացուցիչ 1,5 մլրդ դոլար կհատկացնի
Համաշխարհային բանկը երեքշաբթի հայտարարել է, որ Ուկրաինային լրացուցիչ 1,5 մլրդ դոլար կհատկացնի, ինչի արդյունքում ուկրաինական տնտեսության աջակցության համար նախատեսված ընդհանուր փաթեթը կգերազանցի 4 մլրդ դոլարը։
Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հանգեցրել է հումանիտար աղետի եւ կործանել երկրի տնտեսությունը՝ քայքայելով ենթակառուցվածքն ու արգելափակելով ցորենի արտահանումը, ինչպես նաեւ Ուկրաինայի կառավարությանը զրկելով հաշիվները վճարելու հնարավորությունից։
Ֆինանսավորման նոր փուլը կօգտագործվի պետական հաստատությունների ու սոցիալական ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի վճարման համար, նշվել է Համաշխարհային բանկի հայտարարությունում։ Ներկա պահին ուկրաինական իշխանությունները նոր միջոցներից իրացրել են մոտ 2 մլրդ դոլար։
Համաշխարհային բանկը «մշտական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային ու նրա ժողովրդին շարունակվող պատերազմի պայմաններում,- նշվել է բանկի տնօրեն Դեւիդ Մալփասի հայտարարությունում։- Մենք աշխատում ենք դոնոր երկրների հետ՝ ֆինանսական աջակցությունը մոբիլիզացնելու եւ... տարբեր ֆինանսական միջոցներ օգտագործելու համար, որպեսզի օգնենք ուկրաինացիներին առողջապահությունից, կրթությունից եւ սոցիալական պաշտպանությունից օգտվելու հարցերում»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ իր կառավարությանն անհրաժեշտ է ամսական 7 մլրդ դոլարի օգնություն, որպեսզի շարունակի գործել։