Իսպանիայում մտադիր են տուգանել սնունդն աղբը նետող ռեստորաններին եւ խանութներին
Իսպանիայի կառավարությունն օրինագիծ կհաստատի, որը տուգանքներ կսահմանի սնունդը աղբը նետող ռեստորանների եւ սուպերմարկետների համար, հաղորդում է El País թերթը:
Դրա տվյալներով՝ իսպանական տնային տնտեսությունները տարեկան մոտ 1.3 միլիարդ կգ մթերք են աղբը նետում, այսինքն՝ մեկ անձի համար միջինում մոտ 31 կգ։ Թագավորության նախարարների կաբինետը մտադիր է պայքարել այս միտման դեմ եւ ցանկանում է հավանություն տալ սննդային կորուստների կանխարգելման մասին օրենքի նախագծին։ Նախաձեռնությունը սննդի շղթայի բոլոր մասնակիցներին պահանջում է վատնողությունից խուսափելու ծրագիր մշակել: Բարերը, ռեստորանները եւ սուպերմարկետները, որոնք չեն հետեւի կանոններին, կարող են տուգանքների ենթարկվել:
Մասնավորապես, կառավարությունն առաջարկում է դեն նետելուց առաջ առաջնահերթություն տալ արտադրանքի օգտագործմանը։ Այդպես, հնարավոր է սնունդը փոխանցել սննդային բանկերին։ Ձեռնարկությունները ստիպված կլինեն պայմանագրեր կնքել այնպիսի կազմակերպությունների հետ, որոնց մեջ նշված կլինեն ապրանքների հավաքման, պահպանման եւ տեղափոխման պայմանները։
Եթե սննդամթերքը հնարավոր չէ փոխանցել օգտագործման համար, այն կարելի է օգտագործել հյութերի կամ ջեմերի պատրաստման համար։ Եւս մի տարբերակ է կենդանիների կերերի պատրաստումը: Բացի այդ, ռեստորանները ստիպված կլինեն տեղեկացնել հաճախորդներին, որ նրանք կարող են իրենց հետ տանել իրենց պատվերի մնացորդները, իսկ ընկերությունները պետք է խրախուսեն ժամկետանց սննդամթերքի վաճառքն ավելի ցածր գներով:
Ենթադրվում է, որ ձեռնարկությունները, որոնք չեն հետեւի այս կանոնները, կարող են տուգանքների ենթարկվել՝ 2000 եվրոյից մինչեւ 60 հազար եվրոյի չափով, կրկնվող խախտումների դեպքում տուգանքը կարող է կես միլիոն եվրոյի հասնել։ Ընդ որում, օրինագիծը սնունդը աղբը նետող մարդկանց նկատմամբ միջոցների ընդունում չի նախատեսում: