ԱՄՆ-ում էլեկտրաշոկերով անօդաչու են ստեղծել
Ամերիկյան Axon ընկերությունը, որը զբաղվում է պաշտպանիչ միջոցներով, այդ թվում՝ ոստիկանների համար խլացուցիչ էլեկտրաշոկերներով, ներկայացրել է նոր գյուտի հայեցակարգը։ Դա կլինի փոքր անօդաչու թռչող սարք՝ հագեցած տեսախցիկով եւ էլեկտրաշոկերով, հայտնում է Planet-today-ը։
Նախատեսվում է, որ այն կարձակի փոքր մետաղական նետ, որը հենց հասնի մարդու մարմնի հետ շփման, համակարգը կգործարկվի եւ թիրախը կհոսանքահարվի։
Տեսականորեն սա պետք է անշարժացնի մարդուն, սակայն գործնականում, փորձագետների կարծիքով, հնարավոր են մահացու ելքեր։ Ընկերության գլխավոր տնօրենը կարծում է, որ բոլոր դպրոցները տեսահսկման համակարգերով եւ նման անօդաչու սարքերով հագեցնելու դեպքում կարելի է 60 վայրկյանում վնասազերծել պոտենցիալ հրաձիգին։ Նա հիշեցրել է Տեխասի դպրոցում վերջերս տեղի ունեցած դեպքը եւ ասել է, որ իր ընկերությունը պատրաստ է իր վրա վերցնել նման պաշտպանություն ստեղծելու խնդիրը:
Էթիկայի խորհրդի անդամները խիստ քննադատության են ենթարկել տնօրենին՝ այս միտքը բացարձակ ցնորամտություն անվանելով։ Իրավագիտության պրոֆեսոր Բարրի Ֆրիդմանը, որը խորհրդի անդամ է, ասել է, որ էլեկտրաշոկերով անօդաչու սարքի գաղափարը քննարկվել է վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ որպես ոստիկանների համար զենք:
«Մենք աղաչեցինք ընկերությանը չանել դա, դա անիմաստ էր եւ ամոթալի»,- ասել է Ֆրիդմանը:
Խորհրդի մեկ այլ անդամ հիշեցրել է, որ դպրոցում անօդաչու սարքեր ունենալու գաղափարը անհեթեթ է նույնիսկ ֆիզիկայի տեսանկյունից, քանի որ դրոնը չի կարող թռչել փակ դռնով։