ԵԱՀԿ-ն Լոնդոնին կոչ է արել Ասանժին չարտահանձնել ԱՄՆ-ին
ԵԱՀԿ-ն կոչ է արել բրիտանական իշխանություններին WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին չարտահանձնել ԱՄՆ-ին։ Այս մասին ասված է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի երեքշաբթի օրը՝ հունիսի 7-ին, տարածած հայտարարության մեջ։
Ռիբեյրոն զրուցել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Պատելի հետ՝ մտահոգություն հայտնելով լրագրության և մամուլի ազատության վրա արտահանձնման որոշման ազդեցության վերաբերյալ:
«Այն փաստը, որ որևէ մեկին, ով հրապարակում է հանրային հետաքրքրություն ներկայացնող նյութ, կարող է երկարաժամկետ ազատազրկման ենթարկվել, կարող է ծանր և երկարաժամկետ վտանգավոր ազդեցություն ունենալ հետաքննական լրագրության վրա»,- նշել է ԵԱՀԿ ներկայացուցիչը։
Նրա խոսքերով՝ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել WikiLeaks-ի որոշ հրապարակումների հանրային շահը։
Ավելի վաղ՝ մայիսին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարին հորդորել էր Ասանժին չհանձնել ԱՄՆ-ին։ Նրա կարծիքով՝ լրագրողի դեմ Վաշինգտոնի մեղադրանքները հարցեր են բարձրացրել հանրային շահերից ելնելով գաղտնի տեղեկատվություն հրապարակողների պաշտպանության մասին, այդ թվում՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։
50-ամյա ավստրալացին ներկայում Մեծ Բրիտանիայում գտնվում է կալանքի տակ: 2019 թվականին Վաշինգտոնը նրան մեղադրանք է առաջադրել 18 կետով, այդ թվում՝ լրտեսության մասին օրենքը խախտելու և գաղտնի տեղեկատվության բացահայտման համար։ Նրան առաջադրված մեղադրանքով նրան սպառնում է 175 տարվա ազատազրկում։