33 համարի ավտոբուսի վարորդը նկատողություն է ստացել
Քաղաքապետարանը նկատողություն է տվել 33 համարի ավտոբուսի վարորդին, քանի որ համացանցում նախօրեին՝ հունիսի 6-ին, տարածվել էր տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես են ավտոբուսի ուղեւորները երթեւեկում դռներից կախված։ Այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը։
«Մենք ֆիքսել ենք, որ վարորդը թերացել է իր աշխատանքային պարտականություններում, եւ նա նկատողություն է ստացել։ Հայտնի է, որ մինչ ավտոբուսի՝ այդ վիճակով շարժվելը վարորդը հորդորել է, որ կախված ուղեւորները իջնեն ավտոբուսից եւ տեւական ժամանակ ավտոբուսն իր տեղից չի շարժվել։ Սակայն կախված ուղեւորները հրաժարվել են իջնել, եւ վարորդը մոտ երկու րոպե այդ վիճակով շարունակել է երթուղին, ինչը բնականաբար չենք արդարացնում»,- նշեց Գևորգյանը։