Ճապոնիայի կառավարությունն անհանգստացած է դոլարի նկատմամբ իենի փոխարժեքի անկումից
Ճապոնիայի կառավարությունը երեքշաբթի մտահոգություն է հայտնել դոլարի նկատմամբ իենի փոխարժեքի լուրջ անկման կապակցությամբ։ Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում ֆինանսների նախարար Շունիչի Սուզուկին ասել է, որ արժութային կտրուկ տատանումներն անցանկալի են։
«Կառավարությունը լարված հետեւում է, թե ինչ ազդեցություն կունենա իենի արժեզրկումը Ճապոնիայի տնտեսության վրա»,- ասել է նա։ Նախարարի խոսքով, ներկայումս էներգակիրների, հումքի եւ պարենի համաշխարհային գների նշված աճի հետեւանքով նաեւ գործարար միջավայրի վատթարացման սպառնալիք կա։
Տեղական ժամանակով ժամը 11:00-ի դրությամբ մեկ դոլարն արժեցել է 132,6 իեն՝ գրեթե երկու իենով ավելի, քան մեկ օր առաջ։ Սա ճապոնական արժույթի ամենախորը անկումն է ավելի քան 20 տարվա ընթացքում։ Եվրոյի նկատմամբ իենը նույնպես իջել է 2015 թվականից ի վեր ամենացածր մակարդակին։
Դա պայմանավորված է նրանով, որ Ճապոնիայի կենտրոնական բանկը վարում է չափազանց մեղմ քաղաքականություն՝ կոնյուկտուրան խթանելու համար վարկային տոկոսադրույքը գործնականում բացասական մակարդակի վրա պահելով։ Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ֆինանսական մարմինները խստացնում են վարկավորման պայմանները՝ ինֆլյացիան զսպելու համար: ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում աճող տոկոսադրույքներն ավելի շահավետ են դարձնում դոլարով եւ եվրոյով արտահայտված ֆինանսական գործիքներում ներդրումները, ինչը հանգեցնում է այս արժույթի պահանջարկի աճի:
Միաժամանակ, «Ճապոնիայի բանկ»-ի ղեկավար Հարուհիկո Կուրոդան երեքշաբթի խորհրդարանում կրկին հայտարարել է, որ մտադիր չէ փոփոխություններ կատարել ֆինանսական քաղաքականության մեջ։ Դա կարող է էլ ավելի խթանել իենի անկումը, նշում է Kyodo լրատվական գործակալությունը։ Ազգային արժույթի արժեզրկումը ձեռնտու է ճապոնացի արտահանողների համար, սակայն հանգեցնում է ներկրվող ապրանքների, այդ թվում՝ էներգառեսուրսների եւ պարենի գների բարձրացման։