ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կխոսի կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմի հետ կապված աշխատանքի մասին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ուրբաթ օրը Երեւանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, որտեղ տեղեկատվություն կտրամադրի ներկա աշխարհաքաղաքական իրողություններում կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Այս տարվա հունիսի 10-ին Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը»,- ասել է նա։
Զայնետդինովի խոսքով, սպասվում է, որ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության վիճակը եւ դրա ազդեցությունը կազմակերպության անդամ երկրների անվտանգության վրա։ «Արտգործնախարարների խորհրդի անդամներին տեղեկատվություն կտրամադրվի Քարտուղարության եւ ՀԱՊԿ Միացյալ շտաբի ժամանակակից աշխարհաքաղաքական իրողություններում կազմակերպության ճգնաժամային արձագանքման մեխանիզմի կատարելագործման ուղղությամբ կատարած աշխատանքի մասին»,- հավելել է նա։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը միջազգային անվտանգության կազմակերպություն է, որի անդամներ պետությունները ներկայումս վեցն են՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Ռուսաստան եւ Տաջիկստան։