Վենետիկի հանձնաժողովի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով հունիսի 8-10-ը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվելու է Հայաստանում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սահմանադրական դատարանը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ կատարվող այցը լինելու է ոչ միայն տիկին Կլեր Բազի Մալորիի առաջին պաշտոնական արտասահմանյան այցերից մեկը, այլ նաև 2018 թվականից ի վեր ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի կողմից առաջին պաշտոնական այցը Երևան:
Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմիններից է, որի աշխատանքներին մասնակցում են սահմանադրական իրավունքի լավագույն մասնագետներ՝ ողջ Եվրոպա աշխարհամասից, սակայն ժամանակի թելադրանքով այս խորհրդատվական մարմինը որոշ չափով փոխեց իր գործունեության շրջանակները՝ ընդլայնելով դրանք, և արդեն միջազգային ասպարեզում սկսեց հանդես գալ որպես առավելապես միջազգային կառույց, այլ ոչ՝ ներեվրոպական: Հանձնաժողովն ստեղծվել է 1990 թ., երբ փլուզվեց Բեռլինի պատը, և եվրոպական մայրցամաքը բախվեց նոր իրավական մարտահրավերների: Հանձնաժողովի ամբողջական և պաշտոնական անունն է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողով, բայց քանի որ կազմակերպության աշխատանքները կազմակերպվում են Իտալիայի Վենետիկ քաղաքում, և հիմնականում նրա բոլոր լիագումար նիստերն ու խորհրդաժողովները տեղի են ունենում հենց այստեղ, հանրության լայն շրջանակներին այն հայտնի է Վենետիկի հանձնաժողով անունով: Երբ 1990-ականների սկզբին հանձնաժողովը նոր էր ձևավորվում, նրա անդամ էին ընդամենը 18 երկիր, սակայն հետագա տարիներին անդամագրվեցին Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետությունները, իսկ արդեն 2002 թվականից սկսած հանձնաժողովի լիարժեք անդամ կարող է դառնալ նաև ցանկացած ոչ եվրոպական երկիր: 2022 թվականի դրությամբ Հանձնաժողովի անդամ են 61 պետություն, որոնցից 46-ը՝ Եվրոպայի խորհրդին անդամակցող անդամ պետություններն են: Հանձնաժողովի մասնակիցների աշխարհագրությունը շատ մեծ է՝ Հարավային Կորեայից մինչև Կենտրոնական Ասիա, Եվրոպայից ու Աֆրիկայից մինչև Մեքսիկա ու Բրազիլիա:
2004-2010 թվականների ընթացքում Հանձնաժողովին անդամակցեցին ԱՄՆ, Ղրղզստանը, Չիլին, Հարավային Կորեան, Կոստա Ռիկան, Մարոկկոն, Ալժիրը, Իսրայելը, Բրազիլիան, Պերուն, Թունիսը և Մեքսիկան: Հանձնաժողովում դիտորդի կարգավիճակ ունեն Արգենտինան, Կանադան, Վատիկանը, Ճապոնիան և Ուրուգվայը: Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Պաղեստինյան Ինքնավարությունն ունեն հատուկ գործընկերոջ կարգավիճակ, որը գրեթե համապատասխանում է դիտորդի կարգավիճակին:
Վենետիկի հանձնաժողովի աշխատանքներին և նստաշրջաններին մշտապես մասնակցում են Եվրոպական հանձնաժողովը, Եվրոպական միության Տարածաշրջանային կոմիտեն, ԵԱՀԿ-ն:
Ներկայումս Հանձնաժողովի նախագահն է տիկին Կլեր Բազի Մալորին, որn այդ պաշտոնին է ընտրվել 2021 թվականի դեկտեմբերին: Հանձնաժողովի քարտուղարության աշխատանքները իրականացվում են Եվրոպայի Խորհրդի գլխամասում (Ֆրանսիա, ք. Ստրասբուրգ), կառույցի գլխավոր քարտուղարն է Սիմոնա Գրանատա-Մենղինին (Իտալիա):
Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի և ԵԽ Վենետիկի հանձնաժողովի միջև համագործակցությունն ու երկխոսությունը մշտապես եղել են բարեկամական և ունեցել են դրական դինամիկա: Համագործակցությունը պաշտոնապես մեկնարկել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ձևավորման (1996թ.) առաջին իսկ տարվանից, երբ Բարձր դատարանն անդամակցեց Վենետիկի հանձնաժողով սահմանադրական արդարադատության միասնական խորհրդին:
Այդուհանդերձ, 2018–2021 թվականների ընթացքում ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հետ համակարգային երկխոսությունը և գործընկերությունը՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամով, 44-օրյա պատերազմով և COVID-19 համավարակի հետևանքով, ընդհատվել էր ու կրում էր հատվածական բնույթ: Հայաստանում 2020 թվականի հունիսի 22-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո և որպես արդյունք՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Սահմանադրական դատարանի դատավորների կողմից Սահմանադրական դատարանի նոր նախագահի ընտրությունից հետո սկզբունքորեն վերանայվել է նաև ՀՀ սահմանադրական դատարանի մոտեցումը միջազգային համագործակցությանը և երկկողմանի կապերի զարգացմանը, այդ թվում և Եվրոպայի խորհրդի ու դրա մասնագիտական կառույցների հետ:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը և այլ պատասխանատու գերատեսչությունները մեծապես կարևորում են ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը՝ իրավունքի գերակայության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանման ու լավագույն եվրոպական փորձի փոխանակման ոլորտներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ երկարամյա համագործակցության շարունակական ամրապնդմանը և Հանձնաժողովի նորընտիր նախագահի այցն առավել կարևորվում է այդ իմաստով: Կառույցի հետ գործընկերությունն առավել կարևոր է դառնում նաև Հայաստանում ներկայումս առկա ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի և դատաիրավական համակարգի բարեփոխումների համատեքստում: ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ ծրագրերի իրականացումը կարող է մեծապես նպաստել հատկապես Հայաստանի դատական համակարգի ու իրավական բարեփոխւմների հանդեպ ազգաբնակչության կողմից հանրային վստահության հետագա բարձրացմանը: