Նոր ներդրումներ. «Գալաքսի» ընկերությունների խումբը եւ Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ–ն ընդլայնում են համագործակցությունը
Ֆրանսիական ընկերությունները Հայաստանում տարեկան մոտ 300 մլն եվրոյի ներդրում են կատարում։ Մասնագետները ակնկալում են, որ մոտակա 3–5 տարիների ընթացքում այդ ներդրումների ծավալը նկատելիորեն կաճի, ավելին՝ հայ–ֆրանսիական ավելի արդյունավետ համագործակցության շնորհիվ բազմաթիվ նոր աշխատատեղեր կստեղծվեն։
Դրան մեծապես կնպաստի համագործակցության հուշագիրը, որը ստորագրեցին «Գալաքսի» ընկերությունների խումբը եւ Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը։ Կողմերի համագործակցության գլխավոր նպատակն է նպաստել ֆրանսիական ընկերությունների եւ բրենդների՝ Հայաստան գալուն, այստեղ նոր ներդրումներ անելուն եւ նոր նախագծեր իրականացնելուն։ Բազմաթիվ կազմակերպությունների հետ այս պահին արդեն բանակցություններ են վարվում։
«Օրինակ, ֆրանսիական առեւտրային մեծ խմբերից մեկը ցանկություն է հայտնել մտնել հայկական շուկա։ Եվ մենք որպես ընկերությունների խումբ, որը ծավալում է գործունեություն այդ ոլորտում, բանակցություններ ենք սկսել այդ ընկերության հետ, որ իրենց մուտքը ապահովենք Հայաստան։ Նման ընկերություններին Հայաստանում պետք է լոկալ գործընկեր, եւ մենք հավակնում ենք լինել այդ գործընկերը, եթե լինեն ընդհանուր բիզնես շահեր։ Ի՞նչ է դա նշանակում. դա նշանակում է՝ եւս մեկ միջազգային բրենդ, ֆրանսիական հիմքով տվյալ պարագայում, մուտք է գործում հայկական շուկա, բերում է ներդրումներ, բացում է նոր աշխատատեղեր, եւ ամենակարեւորը, բերում է փորձը, այսինքն մասնագիտական նոր մոտեցումներ կոնկրետ ոլորտում՝ ռեստորանային, առեւտրային, տեխնոլոգիական, եւ այլն։ Նոր մշակույթ է բերվում Հայաստան, որի կարիքը, ես կարծում եմ, մենք այսօր ունենք ամենաշատը», - NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Գալաքսի» ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ բիզնեսի զարգացման գծով Հայկ Լորիկյանը:
«Գալաքսիի»՝ ֆրանսիական ընկերությունների հետ արդյունավետ համագործակցության օրինակ է նաեւ հայտնի «Փոլ» սրճարանների ցանցի՝ Հայաստան գալը։ Ավելի քան երկու տարի տեւած բանակցություններից հետո «Գալաքսի» ընկերությունների խումբը պայմանագիր ստորագրեց PAUL Interntional-ի հետ, ինչի շնորհիվ մոտ ապագայում «Փոլ» սրճարաններ կբացվեն Հայաստանի 5 քաղաքներում։
«Սա եւս մեկ օրինակ է, թե ինչպես միջազգային փորձը, ֆրանսիական փորձը, մշակույթը կգա Հայաստան եւ իր հետ կբերի սպասարկման, առեւտրային մոտեցումները, տեխնոլոգիաները։ Այս ամենը կա իհարկե Հայաստանում, բայց «Փոլը» կբերի իր նշաձողը՝ դրանով մեծ օգուտ բերելով տվյալ ոլորտին», - նշեց Հայկ Լորիկյանը։
Նրա խոսքով՝ միջազգային ընկերությունների Հայաստան մուտք գործելը ոչ միայն նոր աշխատատեղեր կստեղծի, այլ նաեւ լուրջ դրական ազդեցություն կունենա տեղական բիզնեսի, ծառայությունների եւ արտադրանքների վրա։
Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը ոչ առևտրային հիմնադրամ է, որը խթանում է արդյունաբերական եւ տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ։
«83 ձեռնարկություն է անդամակցում Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատին, որոնք 1.5 մլրդ եվրո շրջանառություն ունեն եւ 15 000 աշխատատեղ են ստեղծել: «Գալաքսի» ընկերությունների խումբը նախորդ տարվանից է անդամակցում Ֆրանսիա Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատին: Այժմ համագործակցությունը ակնկալվում է էլ ավելի խորացնել, հատկապես տեղեկատվության փոխանակման ոլորտում։ Մենք աջակցելու ենք «Գալաքսի» խմբին, որ շարունակի ներկայացնել նոր ապրանքանիշներ Հայաստանում», - ասաց Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ նախագահ Տիգրան Առաքելյանը:
Կողմերի համագործակցությունը, Տիգրան Առաքելյանի կարծիքով, դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության եւ բիզնես ոլորտի վրա։
«Այս համագործակցությունը կնպաստի Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը, նոր հմտությունների, գիտելիքների ներդրմանը տարբեր ասպարեզներում։ Նոր ձեռնարկություններ կգան Հայաստան, եւ դա կնպաստի երկրում ավելացված արժեքի ստեղծմանը», - նշեց Տիգրան Առաքելյանը։
Ավելին, նրա խոսքով, ուղիղ ներդրումների քանակը եւս նկատելիորեն կաճի։
«Գալաքսի» ընկերությունների խմբի հաղորդակցության տնօրեն Վահան Դիլանյանը իր ելույթում նշեց, որ Գալաքսին ինստիտուցիոնալ ժառանգություն ունի սկսելու եւ իրականացնելու բիզնես նախագծեր Հայաստանում, Վրաստանում ու Բելառուսում, եւ, իր խոսքով, այդ նախագծերն իրենց էությամբ մշակույթ են վերափոխում տարբեր ոլորտներում։
«Կարեւորում ենք այս նախաձեռնությունը ոչ միայն հայ-ֆրանսիական տնտեսական կապերի ակտիվացման, այլև Հայաստանում բիզնես համագործակցության մշակույթի ներբերման տեսանկյունից։ Համոզված ենք, որ մեր՝ «Գալաքսիի» ու CCI France-ի միջեւ գործընկերային ոգին էլ ավելի կամրապնդվի նոր համատեղ պրոյեկտներով», - ասաց Վահան Դիլանյանը։
Խումբը 22 տարվա ընթացքում ձեռք է բերել ավելի քան 200 տեղական ու միջագային գործընկերներ։ Իսկ ի դեմս, Ֆրանսիա Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի, գործընկերությունն ընդլայնվում է՝ նկատի ունենալով պալատի անդամ ու ֆրանսիական կապիտալով ընկերությունները։
«Ֆրանսիան Եվրոպական երկրներից ամենամեծ ներդրողն է Հայաստանում, եւ մենք շատ ուրախ ենք, որ «Գալաքսի» ընկերությունների խումբը աջակցում է ֆրանսիական ընկերությունների հաստատմանը Հայաստանում։ Ֆրանսիական ընկերությունները տարեկան 300 մլն եվրոյի ներդրում են կատարում Հայաստանում», - նշեց Տիգրան Առաքելյանը։
Հայաստանի եւ Ֆրանսիայի ավելի սերտ համագործակցությունը բիզնես ոլորտում կարող է նաեւ ամրապնդել երկու երկրների միջեւ հարաբերությունները։ Պատահական չէ, որ համագործակցության հուշագրի ստորագրմանը նվիրված միջոցառմանը ներկա էին ոչ միայն Ֆրանսիա Հայաստան ԱԱՊ անդամ-ընկերություններն ու բիզնես համայնքի ներկայացուցչները, այլ նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներ։